Դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը բավականին հեշտանում է, չեք նկատե՞լ․ Հովիկ Աղազարյանը դիմեց գործընկերներին

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը։ Մտքերի փոխանակության ժամանակ դպրոց ընդունվելու առցանց համակարգին անդրադարձավ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Ինձ արդեն բավականին տևական ժամանակ անհանգստացում է, մտահոգում է առաջին դասարանցիների դպրոց գնալու հերթագրման էլեկտրոնային տարբերակը։ Հարց է առաջանում, պարզ, հասարակ հարց՝ ինչու՞ է այդպես։ Որովհետև բոլորը կամ շատերն ուզում են, որ գնան Չեխովի դպրոց, իսկ ինչու՞ են ուզում գնան Չեխովի դպրոց, որովհետև Բանգլադեշի դպրոցում ենթադրաբար կրթության մակարդակը ցածր է, իսկ Չեխովի դպրոցում՝ բարձր։ Դա վատ է։ Այնպես անենք, որ Բանգլադեշի դպրոցում էլ կրթության մակարդակը բարձր լինի։

Կրթությունը դարձնում ենք վիճակահանությու՞ն։ Մենք ի՞նչ գիտեն, այն երեխաները, որոնք հաջողացրեցին Չեխովի դպրոց գալ, նրանք հենց մեր տաղանդավոր երեխաներն են, որ վաղվա ապագան են։ Միգուցե Բանգլադեշում մնացին այն երեխաները, որ, եթե ճիշտ անեիք, ապա նրանք կլինեին տաղանդավոր ու օգտակար կլինեին մեր հասարակության համար։ Մտածելու բան կա»,-նշեց պատգաամվորը։

Նա նաև նշեց, որ երկու տարի է արդեն, որ խնդրին նայում է նաև այլ տեսանկյունից։

«Դպրոցական արձակուրդների ժամանակ քաղաքում տրանսպորտի երթևեկությունը բավականին հեշտանում է։ Չեք նկատե՞լ, հարգելի գործընկերներ։ Բա չեք նկատե՞լ։ Եթե ես չեմ հասկանում էլեկտրոնային տարբերակի էությունը և համապատասխան մեր գործընկերները լավ հասկանում են այդ ամեն ինչը, ուրեմն թող բարի լինեն նաև դպրոցական ավտոբուսներ տրամադրեն, որ այդ երեխեքին քաղաքի մի ծայրից տանեն մյուս ծայրը, որպեսզի տատիկներն ու պապիկները մեքենան չկանգնացնեն 3-րդ շարքում ու քաղաքը պարալիզացնեն»,-ասաց Հովիկ Աղազարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել