Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելով հերթական անգամ արձանագրվում է, որ կալանավորումը պատժիչ գործիք է, այլ ոչ թե խափանման միջոց, իսկ այլ խափանման միջոցները անտեսվում են համակարգված մոտեցմամբ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։
«Ակնհայտ է, որ կալանավորման անհրաժեշտ հիմքերն առկա չէին տվյալ դեպքում: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինները կարող էին քննություն անել առանց այս ռեպրեսիվ ու անընդունելի վարքագծի:
Իրավունքի ու օրենքի տրամաբանությունը և սկզբունքն այն է, որ կալանավորումը բացառիկ, իրապես հազվադեպ դեպքերում պետք է կիրառվի, բայց Հայաստանում իրավապահ համակարգը գիտակցված մեղմ ասած շեղվել է այդ սկզբունքից` նույնիսկ արժեզրկելով այն: Սա նորություն չէ:
Ցավալիորեն այս սկզբունքը արժեզրկելու մեջ հստակ դերակատարում ունեցել է նաև նույն գործով կալանավորված այլ անձ, ապահովելով խայտառակ ապօրինի կալանավորման որոշումներ, բայց հստակ է նաև, որ անկախ անձերից, անկախ վերաբերմունքից կալանավորումը չպետք է այսպես կիրառվի:
Վստահ եղեք կալանքի ֆետիշին վերջ տրվելու է..․»,-նշել է նա։