Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Այսօր Ազգային ժողովում պատգամավորների և Կարեն Անդրեասյանի միջև հարց ու պատասխանի ժամանակ վերջինս հայտարարել է. «Վերջերս դատավորներից մեկն ասաց, եթե Կարեն Անդրեասյանը գալիս է դատական համակարգ իր նախկին խոսքերով, թող չգա, եթե գալիս է նոր խոսքերով, թող գա կամ՝ նոր մոտեցումներով…»:
Թեև Անդրեասյանն այդ հայտարարության մեջ չի նշում դատավորի անունը, և բարձր ամբիոնից դատավորի խոսքը խեղաթյուրված է ներկայացնում՝ հարկ ենք համարում մենք ներկայացնել, ինչպես դատավորի անունը, այնպես էլ նրա խոսքը բառացի:
Այսպես, սեպտեմբերի 23-ին՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովից րոպեներ առաջ, լրագրողը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին հարց է տվել այն մասին, որ մամուլում որպես ԲԴԽ նախագահի թեկնածու շրջանառվում է Կարեն Անդրեասյանի անունը, դատավորն ի՞նչ դիրքորոշում ունի այդ առնչությամբ:
Ի պատասխան հարցի՝ Արման Հովհաննիսյանն ասել է. «Եթե իր նախկին տրամադրվածությամբ պետք է գա, այո՛, ես լավ չեմ նայում, իսկ եթե գալիս է՝ իրականում արդյունավետ աշխատանք իրականացնելու, որևէ վերապահում չունեմ»:
Արդյոք Կարեն Անդրեասյանի կողմից միտումնավո՞ր են խեղաթյուրվել դատավոր Հովհաննիսյանի բառերը, թե՞ նա ընկալման հետ խնդիր ունի»,-նշվում է հայտարարության մեջ: