Դպրոցում դրամահավաքության վերաբերյալ բողոքները կան, հրապարակում եմ ստացված ահազանգը․ Լևոն Զաքարյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը տեղեկացրել էր, որ Ուսուցչի օրվան ընդառաջ դպրոցներից մեկից ահազանգ է ստացվել դրամահավաքի վերաբերյալ։

Նա այս անգամ դիմել էր ոչ թե աշակերտների ծնողներին, այլ՝ ուսուցիչներին։ Ավագանու անդամը խնդրել էր նրանց՝ թույլ չտալ գումար հավաքել՝ իրենց համար ծաղիկ կամ այլ նվեր գնելու համար։ «Ես վստահ եմ՝ ձեզանից շատ շատերը վեր են այդ ամենից ու դրա համար չէ, որ աշխատում եք դպրոցում։ Հավատացեք, հավաքում ու գրում են մեզ, որ դպրոցներում դրամահավաք է։ Կոնկրետ դպրոցի համարով, դասարանով ասում են։ Չգիտեմ, տգեղ է այս ամենը, շատ տգեղ ու օրվա խորհուրդ փչացնող»,-նշել էր նա։

Հրապարակմանը մի շարք մեկնաբանություններ են հաջորդել, որտեղ տասնյակ կարծիքներ կային այն մասին, որ, օրինակ՝ ոչ-ոք իրավունք չունի իրենց արգելել ծաղիկ կամ մեկ այլ նվեր գնել ուսուցչի համար և այլն։ Մեկնաբանություն թողած անձանցից մի քանիսը վիրավորել էին ահազանգը ներկայացնողնին՝ նշելով, թե գումարը հավաքում են, հետո՝ բողոքում։ Որոշներն էլ կասկածի տակ էին դրել ահազանգի իսկությունը։

Iravaban.net-ի հետ զրույցում Լևոն Զաքարյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ արդեն երկրորդ նամակն է ստացել։ «Ուսուցիչներին խնդրել էի, որ իրենք կանխեն դրամահավաքը։ Մի խումբ մարդիկ ինձ մեղադրում են, որ «վայիս» եմ լինում ծաղիկ նվիրելուն։ Խնդրում եմ սա էլ հրապարակեք։  Անկախ նրանից, թե ինձ քանի հոգի կքննադատի՝ ես հետամուտ եմ լինելու մինչև վերջ։

Դրամահավաքը օրենքով արգելված է, իսկ օրենքը գերակա է իմ համար»,-նշել է ավագանու անդամը։

Ձեզ ենք ներկայացնում տրամադրված լուսանկարները՝ ստացված ահազանգից․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել