Հայկական կողմին ներկայացվել են «խաղաղության պայմանագրի» տարրերը․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ, տեղեկացնում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը։

«Հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Լիվիա Լեուին ներկայացրել է Արբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը՝ ընդգծելով, որ հայկական կողմին են ներկայացվել պայմանագրի տարրերը»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Համաձայն հաղորդագրության, Բայրամովը նշել է, թե գործընթացին խոչընդոտող հանգամանքներից մեկը սահմանների դելիմիտացիայի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման «չլուծված հարցն է»։

Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Լիվիա Լեուն իր հերթին կարևորել է հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների շարունակականությունը՝ ռազմական բախումներից խուսափելու համար։

«Շվեյցարական կողմը միշտ պատրաստ է իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով չեզոքության սկզբունքների վրա»,- ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության, ասել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել