Քննարկվել են բժշկության ոլորտի կրթության լիցենզիայի պահանջները, չափանիշները և բնութագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել բժշկության ոլորտի կրթական ծրագրեր իրականացնող բուհերի ներկայացուցիչների հետ՝ «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների լիցենզիայի պահանջները, չափանիշները որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերին համապատասխան մշակելու նպատակով:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանն ու ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը: 

Հանդիպման հիմնական նպատակը բժշկության ոլորտի կրթության համար պահանջվող լիցենզիայի չափանիշների, առկա իրավիճակի ու պայմանների անհամապատասխանեցման, կրթության որակին առնչվող խնդիրների քննարկումն էր:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, խոսել է բժշկության ոլորտի կրթության կարգավորման անհրաժեշտության, ինչպես նաև նշված ոլորտում հետազոտության բաղադրիչի ավելացման մասին։

Օրակարգում ներառված էին նաև վերոնշյալ մասնագիտություններ ունեցող բժշկական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման և հավատարմագրման, բուհերի կազմակերպաիրավական ձևի, ուսումնական գործընթացի կազմակերպման, լաբորատորիաների ստեղծման, դասախոսների վերապատրաստման և այլ խնդիրների վերաբերյալ հարցեր: 

Քննարկվել են ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք հանդիսացող պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր և ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկաների իրականացման բազային առնչվող հարցեր։

Կարեն Թռչունյանը նաև ասել է, որ կրթության զարգացման ռազմավարության մեջ հստակ շեշտադրված է՝ և՛ պետական, և՛ ոչ պետական բուհերը պետք է գտնվեն նույն մրցակցային դաշտում և որևէ առավելություն չունենան մեկը մյուսի նկատմամբ. «Պետությունը պետք է տարանջատում չմտցնի այդ հարցում և որակյալ կրթության տրամադրման համար պետք է մշակի որոշակի չափանիշներ: «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի» նախագծի ընդունումից հետո նախատեսվում են համակարգային փոփոխություններ, դրանցից բխող որոշակի գործառույթներ կան, որոնք պետք է իրականացնել՝ նախապես կանխորոշելով ռիսկերն ու հնարավորությունները»: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը բուհերի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նաև միջազգային փորձը՝ որպես նախնական նյութ, մանրամասն ուսումնասիրել այն, ըստ հնարավորության՝ տեղայնացնել, ներկայացնել իրենց տեսակետները՝ մատնանշելով, թե տվյալ համակարգի և նոր չափանիշների, բնութագրերի ներդրումը յուրաքանչյուր բուհի համար որքանով է հնարավոր: 

Նախարարի տեղակալը շեշտել է, որ լիցենզավորման և հավատարմագրման գործիքի միջոցով սահմանելով համապատասխան որակական չափանիշներ՝ պետությունը նպատակ ունի ապահովել որակյալ կրթություն, ինչպես նաև ներգրավել օտարերկրյա ուսանողների: 

Կարեն Թռչունյանն անդրադարձել է նաև բուհերի իրավակազմակերպական ձևի խնդրին՝ այս հարցում ակնկալելով ներկաների տեսակետները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել