«Լուսանկարի երեխան ողջ է․ նրան շփոթում են զոհված փոքրիկի հետ»․ ծնողները պահանջում են հեռացնել իրենց երեխայի լուսանկարը

Վերջին օրերին համացանցում` տարբեր կայքերում, ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերում տարածում են մի երեխայի լուսանկար՝ ներկայացնելով, թե փոքրիկը օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերից է։

Iravaban.net-ին են դիմել մանկահասակ երեխայի ծնողները՝ նշելով, որ տվյալ լուսանկարում իրենց երեխան է, և բալիկը ողջ է, որևէ առնչություն չունի ողբերգական դեպքի հետ։

Նկարի երեխան այժմ 7 տարեկան, իսկ տարածվող նկարն արվել է տարիներ առաջ։

Ծնողները խնդրում և պահանջում են հեռացնել բոլոր էջերից ու կայքերից իրենց երեխայի լուսանկարը։

Ծանուցում․ Նյութում առկա լուսանկարը տրամադրվել է ծնողների կողմից, ովքեր տվել են իրենց համաձայնությունը՝ այն հրապարակելու, հայտարարությունը տարածելու համար։

Հ․Գ․ Iravaban.netում զոհված փոքրիկի լուսանկարները երբևէ չեն տարածվել

——————————

Հիշեցնենք նաև, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով․

«Անձնական տվյալների մշակման եւ մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ եւ գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել: Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի եւ օրինական, այսինքն հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը եւ կարեւորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ: Այս առումով կարեւոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին, երբ հրապարակված տվյալները առանց որեւէ ժամկետի եւ տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, եւ ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների եւ ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) եւ սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատտվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները եւ տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել