Ի՞նչ է Շենգենյան վիզան, որքա՞ն է նրա վավերականությունը, ի՞նչ հնարավորություններ է այն տալիս

«Շենգենյան վիզա». այսպես է ընդունված կոչել այն վիզան, որը տրվում է այն պետությունների կողմից և այն պետությունների տարածքների համար, որոնք անդամակցում են «Միասնական սահմաններին իրականացվող վերահսկողությունը քայլ առ քայլ վերացնելու մասին» 1985թ. հունիսի 14-ին ստորագրված համաձայնագրին:

Այս համաձայնագիրը ստորագրվել է լյուքսեմբուրգյան Շենգեն կոչվող փոքրիկ բնակավայրում, այդ պատճառով էլ վիզան կոչում են Շենգենյան:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից։

Շենգենյան վիզան տալիս է Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացության իրավունք: Այս վիզայով հնարավոր չէ ծավալել աշխատանքային գործունեություն:

Ներկայում Շենգենյան գոտու երկրներ են համարվում՝

Բելգիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Իսլանդիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Նորվեգիան, Ավստրիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Չեխիան և Հունգարիան:

Ուշադրություն. Բուլղարիան, Իռլանդիան, Ռումինիան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև Կիպրոսը Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններ չեն:

Կարո՞ղ եք Գերմանիայի դեսպանությունից ստացած Շենգենյան վիզայով այցելել նաև Շենգենյան այլ պետություններ

Այո: Հենց սա է Շենգենյան վիզայի իմաստը: Դուք կարող եք վիզայի վավերականության ժամկետում այցելել Շենգենյան ցանկացած երկիր: Բայց այցելության հիմնական նպատակակետը (ամենաերկար կացությունը) պետք է լինի այն երկրում, որի դեսպանությունից Դուք վիզան ստացել եք:

Պետք է նկատի ունենալ, որ միայն վիզա ունենալը ինքնաբերաբար մուտքի իրավունք չի տալիս, և որ վիզա ունեցող անձը սահմանին պետք է փաստաթղթերով հավաստի, որ բավարարում է Շենգենյան սահմանային կոդեքսի 6-րդ հոդվածով նախատեսված մուտքի նախապայմանները:

Եթե ունեք, օրինակ, լեհական D-վիզա, կարո՞ղ եք արդյոք այդ վիզայով այցելել Գերմանիայում բնակվող ընկերներին

Այո: Համաձայն Եվրոպական Խորհրդարանի և Եվրոպական Խորհրդի՝ 02.03.2010թ. թիվ 265/2010 որոշման՝ D-վիզաները, որոնք տրվում են Շենգենյան պետությունների կողմից, 2010թ. ապրիլի 5-ից սկսած համարվում են համաշենգենյան և արտոնում են վեց ամսվա ընթացքում առավելագույնը 90 օրվա կացություն:

Որքա՞ն է Շենգենյան վիզայի վավերականությունը

Անձի վիզայի վավերականությունը կախված է

-նշված ժամանակահատվածից,
-կացության օրերի թույլատրված առավելագույնից ( օրինակ՝ 30 կամ 90 օր)
-թույլատրված մուտքերի քանակից (մեկ, երկու կամ բազմակի):

Օրինակ՝ Ձեզ տրվել է 30 օր ժամկետով և երկու անգամ մուտք գործելու հնարավորությամբ վիզա: Ըստ այդմ՝ Դուք կարող եք վավեր ժամկետում երկու անգամ մուտք գործել Շենգենյան տարածք և այնտեղ գտնվել ընդհանուր մինչև 30 օր: Մուտք գործելու և Շենգենյան գոտուց դուրս գալու օրերը հաշվվում են որպես կացության օրեր:

Կացությանը նախորդող ժամանակահատվածների հաշվարկը կատարվում է Շենգենյան տարածք նախատեսված մուտքի ժամանակահատվածից սկսվող հետհաշվարկով: Եթե, օրինակ, մուտքը նախատեսված է 01.07.-ին, կացությանը նախորդող հնարավոր ժամանակահատվածների հաշվարկում դիտարկվում են վերջին 6 ամիսները (հունվար – հունիս) և հաշվի են առնվում համապատասխան կացությունները: Հաշվարկներին առնչվող հարցերի դեպքում Դուք կարող եք ցանկացած ժամանակ դիմել վիզայի բաժին:

Հարկ է նկատի ունենալ, որ մեկ տարի (2, 3 կամ 5 տարի) վավերականությամբ տրվող Շենգենյան վիզաները թույլ են տալիս Գերմանիայում կամ Շենգենյան գոտու անդամ որևէ այլ պետությունում գտնվել վեց ամսվա մեջ առավելագույնը 90 օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել