Տիգրան Աբազյանը մարտի դաշտում լեյտենանտի կոչում է ստացել․ գնաց, որ օգնություն բերի, դրանից հետո ընկերները իրեն չտեսան
-Որ մեծանաս ի՞նչ ես դառնալու, Տիգրա՛ն։
-Զինվոր։
-Տիգրա՛ն, բոլոր տղաներն էլ զինվոր են դառնում, ուրիշ ի՞նչ ես դառնալու։
-Ես միայն զինվոր եմ լինելու…
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տիգրան Աբազյանն առաջին դասարանում է եղել, երբ ուսուցչի հետ ունեցել է վերը նշված երկխոսությունը։
Տիգրանը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարին։ Մասնակցել է թշնամու կողմից օկուպացված Հադրութի և Ջրականի թեժ մարտերին։
Հայրը՝ Վանիկ Աբազյանը պատում է, որ ինքը արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որոշ ժամանակ անց իր մոտ է տարել նաև Տիգրանին։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո տղան որոշել է, որ պետք է իր հայրենիքում ապրի և ծառայի հայկական բանակում։
«Բաղնիքում անընդհատ երգում էր՝ կռիվ ենք գնում ախպերս ու ես։ Ասում էի՝ Տիգրան, մի՛ երգի այդ երգը, բայց երգում էր։ Ասում էր՝ գիտե՞ս, ես բանակ եմ գնալու՝ կռիվը սկսվելու է։ Չգիտեմ այդ ինչ կանխազգացում էր»,-հիշում է մայրը՝ Էլեոնորա Վանյանցը։
Տիգրան Աբազյանին մարտի դաշտում լեյտենանտի կոչում են տվել։
««Զինվորին տվել ենք լեյտենանտի կոչում, տվել ենք այդ կոչումը, որովհետև զգացել ենք, որ նա կարող է»։ Տեսան, որ կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել»,-Տիգրանի հոր հետ զրույցում պատմել է նրա հրամանատարներից մեկը։
Տիգրանը մեջքի հատվածից վիրավորում է ստացել, ապա շրջափակման մեջ ընկել մի քանի տղաների հետ։ Նրանք թաքնվել են Վանք գյուղի մոտակայքում։
«Տիգրանը և ևս երկու հոգի դուրս են գալիս թաքստոցից, որ ելք գտնեն։ Տղաներին ասել էր՝ ինչ-որ մեքենա եմ տեսնում. գնամ, տեսնեմ կարող ենք գալ ձեզ էլ վերցնել, բայց ընկել են «յաշմայի» ձեռքը, դրանից հետո իրեն չեն տեսել»,-պատմում է մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։