«Ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ». ճանապարհային կշեռքների համակարգ է ներդրվում. քաղաքական որոշում է. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը որոշեց հատկացնել ավելի քան 11.8 միլիարդ դրամ՝ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացի ապահովման համար. «Անընդհատ որակի հետ կապված պրոբլեմներ են ի հայտ գալիս, իհարկե, որոշ դեպքերում լինում են լրացուցիչ գործոններ, որոնք նպաստում են, բայց մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի աշխատանքի որակական հատվածը, ընդ որում, բացի ճանապարհների որակի հետ կապված խնդրից, մենք ունենք նաև սահմանված քաշից ավելի քաշով մեքենաների երթևեկության խնդիր ու մեր քաղաքական որոշումն այն է, որ պարտադիր պետք է ճանապարհային կշեռքների համակարգ ունենանք, որ կարողանանք հանրային ներդրումները ծառայեցնել պատշաճ նպատակին»:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ ասաց, թե հատուկ ուշադրության կենտրոնում է թեման. համապատասխան օրենսդրական փոփոխություններ են իրականացրել ու սկզբնական փուլում ունեին երկու շարժական կշեռքներ, որոնք տեղափոխելու տարբերակով վերահսկողություն էին իրականացնում խնդրահարույց հատվածներում:

«Հետագայում կշեռքների հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, մենք ձեռք ենք բերել երկու ստատիկ կշեռք ու ևս մեկ շարժական կշեռք: Շարժական կշեռքը գործածության մեջ է, Արմավիրի մարզում է, բայց պարբերաբար փոխում ենք տեղը, քանի որ վարորդները, երբ իմանում են տեղը, անմիջապես այլընտրանքային լուծումներ են գտնում», – ասաց նա:

Ասոյանի խոսքով՝ ստատիկ կշեռքի համար նախատեսել են 9 հիմնական ուղղություն՝ Արարատի ու Վայոց ձորի ճանապարհահատվածներում են:

Ըստ տվյալների՝ գործարկումից հետո 522 մշտադիտարկում է իրականացվել, որի արդյունքում 14 միլիոն դրամի վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառել, իսկ 2022-ի ընթացքում 60 իրավախախտման դեպք են հայտնաբերել 13,6 միլիոն դրամի չափով:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե պետք է անեն լավագույնը, որը հնարավոր է:

«Ասում են թանկ է, բայց ասացվածք կա՝ ասում է «ես այդքան հարուստ չեմ, որ էժան ապրանք առնեմ»: Մենք, անընդհատ էժան ապրանք առնելով, տպավորություն է, թե մեր ռեսուրսները անսահմանափակ են, անելիս միանգամից արեք լավը ու արագ», – ասաց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել