Ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի գործընթաց է. Թագուհի Թովմասյան

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ խորհուրդը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ թվով 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ Պատգամավորի լիազորությունները դադարեցվում են յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու, ինչպես նաև Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Թեպետ քվեարկություններից բացակայությունների և՛ քանակը, և՛ դրանց անհարգելի լինելը պետք է հաստատվեն գործի քննության ընթացքում, ամեն դեպքում մտահոգիչ է այն փաստը, որ ԱԺ խորհուրդը քննարկելու է ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ նման որոշում կայացնելու հարցը, որոնք սույն թվականի ապրիլ ամսվա կեսերից մասնակցել են խաղաղ հանրահավաքներին և որպես ընդդիմադիր պատգամավորներ իրականացրել են ընդդիմադիր գործունեություն։

1. Պատգամավորներն իրացրել են ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով հավաքներին մասնակցելու իրենց իրավունքը, որը վերապահված է յուրաքանչյուրին, իսկ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում Ազգային ժողովի պատգամավորների վրա։

2. Խորհրդարանական բոյկոտը այլակարծության արտահայտման օրինական միջոցներից է` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՄԻԳ 20.03.2021թ. համատեղ կարծիքի, որը տրամադրվել է Վրաստանի Հանրապետությունում ընդդիմադիր պատգամավորների կողմից որոշ օրենսդրական փոփոխությունների գործընթացներին չմասնակցելու կապակցությամբ։ Մասնավորապես, նշվել է, որ խորհրդարանական բոյկոտը քաղաքական դիսկուրսում այլակարծություն հայտնելու օրինական միջոց է (թեև երկարատև և ծավալուն բոյկոտները կարող են խոչընդոտել խորհրդարանական ցանկացած բովանդակալից երկխոսությանը և կարող են ազդել քաղաքական մասնակցության իրավունքի վրա՝ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով)։ Ընդունվել է նաև այն հայեցակետը, որ «ազատ միավորվելու և ազատ արտահայտվելու իրավունքները հիմնարար են ժողովրդավարական հասարակության պատշաճ գործունեության համար: Քաղաքական կուսակցությունները՝ որպես քաղաքական արտահայտման հավաքական գործիքներ, պետք է կարողանան լիարժեք օգտվել նման իրավունքներից։ Կուսակցություններին և նրանց անդամներին տրված հիմնարար իրավունքները հիմնականում ամրագրված են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ և 22-րդ հոդվածներում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներում։»։

3. Ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները չեն կարող դադարեցվել իրենց ընդդիմադիր գործունեության համար։ Ժողովրդավար խորհրդարանում ընդդիմությանը վերաբերող՝ Վենետիկի հանձնաժողովի 2010թ. թիվ CDL-AD(2010)025 զեկույցի 149 կետի համաձայն՝ լավ գործող խորհրդարանական ժողովրդավարությունում պետք է լինի հավասարակշռություն մեծամասնության և փոքրամասնության միջև, որը ստեղծում է փոխգործակցություն, ինչի շնորհիվ էլ ապահովում է արդյունավետ, ժողովրդավար և լեգիտիմ կառավարում։ Այս կապակցությամբ գաղտնիք չէ, որ ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններով ներկայացրած օրինագծերը Ազգային ժողովում չեն ընդունվում։ Նման պայմաններում բացակայում է խորհրդարանում իշխող մեծամասնության և ընդդիմադիր փոքրամասնության միջև կառուցողական փոխգործակցությունը, ինչով և պայմանավորված է ընդդիմադիր պատգամավորների բոյկոտը։

Բոյկոտող և խաղաղ հանրահավաքներին մասնակցող պատգամավորների նկատմամբ նրանց լիազորությունների դադարեցման գործընթաց ձեռնարկելը, նույնիսկ ձևական հիմքերի առկայության դեպքում, ավելի են լարում քաղաքական վիճակը և խարխլում երկրում քաղաքական բազմակարծությունը։ Ըստ էության, հենց այս քայլով է խաթարվում խորհրդարանի բնականոն գործունեությունը, այլ ոչ թե ընդդիմադիր պատգամավորների բոյկոտով։ Ընդդիմադիր պատգամավորների՝ մի քանի նիստերից բացակայելը որևէ կերպ չի խանգարել գումարված ԱԺ հերթական և արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, ինչն ընդգծում է, որ ձևական առումով ընթացակարգային պարտավորությունները «չկատարելը» չի կարող հանգեցնել լիազորությունների դադարեցման։

Այսպիսով, նման քայլը խորհրդարանական մեծամասնության կողմից անհամաչափ ուժի գործարկում է և զուրկ է քաղաքական խոհեմությունից։ Սույն հայտարարությամբ հորդորում եմ ևս մեկ անգամ դիտարկել ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների դադարեցման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը և չոտնահարել Հայաստանի Հանրապետությունում առանց այդ էլ խոցելի դարձած ժողովրդավարական արժեքները։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել