Հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա». ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և  Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակում նշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանը` տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով:

 Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների  իրականացրած մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության:

Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ  1 կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել