Կառավարությունը հունիսի 17-ի նիստին որոշում ընդունեց «Արարատ-աշխարհ» ընկերությունը լուծարելու մասին։
Արարատի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականին Արարատի մարզպետի թիվ 11 որոշմամբ: Ըստ կանոնադրության Ընկերությունը ներկայացնում է Արարատի մարզի շահերը, նպաստում նրա առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների լուծմանը, լուսաբանում մարզի առկա բարոյահոգեբանական, սոցիալական և քաղաքական իրավիճակը:
Ըստ Արարատի մարզպետարանի ներկայացրած տեղեկատվության՝ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն զբաղվում էր «Արարատ» մարզային թերթի տպագրությամբ։ Համայնքների խոշորացումից հետո՝ Ընկերությունն այլևս չի կարողանում շարունակել իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով։ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ն ունի շուրջ 1384,6 հազ. դրամ կրեդիտորական պարտք, որից՝ «Սամարկ» ՍՊԸ՝ 252.0 հազ. դրամ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ՝ 29,8 հազ. դրամ, աշխատավարձ՝ 1102,8 հազ. դրամ: Գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք։
Աշխատողների թվաքանակը կազմում է 5 մարդ։
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերի հանդեպ լուծարվող Ընկերության պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը պետք է բաշխի բաժնետերերի միջև։ Հաշվի առնելով, որ «Արարատ-աշխարհ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պետական սեփականություն է՝ Ընկերության լուծարումից հետո մնացած գույքը պետք է հանձնվի Հայաստանի Հանրապետությանը։ Ելնելով այն հանգամանքից, որ Ընկերության գույքն իրենից ներկայացնում է մի քանի անվանում գրասենյակային գույք՝ սույն նախագծով նախատեսվում է գույքը հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Արարատի մարզպետարանի։
Հաշվի առնելով, որ Ընկերության հետագա գոյությունը հանգեցնում է միայն պարտքերի մեծացմանը՝ Արարատի մարզպետարանն առաջարկում է այն լուծարել։