Հունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ Երթուղում նրա և ուղևորներից մեկի միջև վեճ էր սկսվել։ Միկոյան փողոցում նրանք իջել էին ավտոբուսից, ապա ուղևորը դանակահարել էր վարորդին։
Նոր Նորքի քրեական հետախույզները օպերատիվ կերպով պարզեցին կասկածվողի ինքնությունը։
Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ, 55-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։
Նա ներկայացվել է քննչական մարմնին ու ձերբակալվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: