Փորձում են անընդհատ շեղել ու մոլորեցնել մեր հասարակությանը ասելով, որ քաղաքական ընդդիմությունը Արցախի համար դուրս չի եկել փողոց և դա ընդամենը իշխանության համար պայքար է: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Ելնելով այս իրավիճակից մեկ անգամ ևս իշխանությունների քաղաքական դեմքը պատռելու համար խորհրդարանական երկու խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով: Մենք հանդես ենք եկել արտահերթ պահանջով. պահանջում ենք արտահերթ նիստ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հստակ հայտարարությամբ: Սիրելի հայենակիցներ, այն ինչ կա այդ հայտարարության մեջ, դա մեր և ձեր համար հստակ է: Այս հայտարարությունը այն քաղաքացիների համար է, որոնք դեռ հավատում են այս իշխանություններին»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանի խոսով՝ եթե օրվա իշխանությունները չեն վախենում Իլհամ Ալիևից պետք է ստորագրեն այդ հայտարարության տակ: Վերջինս ընթերցեց հայտարարությունը:
«Հիմք ընդունելով Հայաստանի Ակախության հռչակագիրը, Սահմանադրությունը, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմարար սկզբունքները հայտարարում ենք.
1. Հայաստանը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում:
2. Պետք է ապահովվի Հայաստանի և Արցախի միջև հուսալի ցամաքային կապ՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:
3. Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով:
4. Հայաստանի հետ սահմանագծման ու սահմազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծմամբ. հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձ և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմանով:
5. Ադրբեջանի հետ սահամազատման ու սահմագծման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարումը:
6. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայստանը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը:
7. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն: Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»,- հայտարարեց նա: