Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ մենք շեշտադրում ենք այն հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում։
Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են այսպես կոչված մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։ Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։
Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը։
Ընդ որում, մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։
Ակնհայտ է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։
Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան։
Սիրելի ուսուցիչներ, պատրաստ եմ լսել ձեր կարծիքներն այս մասին»,- գրել է նա։