Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Այս նպատակով պետական բյուջեից 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 12 մլն դրամ։
Տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:
Տնային խնամքը ներառում է՝
- սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին,
- հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն,
- շահառուի սոցիալական ներառմանն ու համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում,
- հոգեբանական օգնություն,
- բժշկական օգնության կազմակերպում, այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում,
- շահառուի շահերի, իրավունքների պաշտպանություն և իրավական խորհրդատվության տրամադրում,
- կենցաղային սպասարկում,
- շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում,
- աշխատանքային թերապիա, արտթերապիա՝ շահառուի ցանկությամբ և այլն։
Վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջոցով (հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհ 42, հեռ․՝ 010 44 47 92, 010 44 47 93)։