«էականորեն կնվազեն տուգանքների չափերը, վարորդների սոցիալական բեռը կթեթևացվի»․ պատգամավորների նոր նախագիծը՝ ԱՊՊԱ-ների վերաբերյալ

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը առաջարկում են փոփոխություն և լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Նշվում է, որ փոփոխություններով էականորեն կնվազեն տուգանքների չափերը, ինչը կթեթևացնի սոցիալական բեռը, եթե իրավախախտում կատարած անձը 48 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները:

«Գործնականում իրավախախտին հնարավորություն է տրվում 100 հազար դրամ տուգանք վճարելու փոխարեն վճարել 25 հազար դրամ և տուգանքի համար նախատեսված գումարի մի մասն օգտագործել իրավախախտման վերացման համար, այսինքն՝ կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Արդյունքում նպաստավոր պայմաններ են ստեղծվում իրավախախտումը սեղմ ժամկետում վերացնելու համար՝ դրանով նաև էականորեն թեթևացնելով սոցիալական բեռը։ Նախագծի ընդունումը կնպաստի պատժի նպատակի կանխարգելիչ և դաստիարակչական բաղադրիչի ապահովմանը, քանի որ ցածր արժեքի չափով տույժ կրելով և ԱՊՊԱ պայմանագիր կնքելով անձը կդաստիարակվի և հետագայում ձեռնպահ կմնա նման ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումից»,-նշվում է հիմնավորման մեջ:

Օրենսգրքի 1292-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան 10 օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 հազար դրամի չափով:

Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 հազար դրամի չափով:

«Նշված հոդվածից բխում է, որ վարույթն իրականացնող լիազոր մարմինը՝ Ճանապարհային ոստիկանությունը, լիազորված է յուրաքանչյուր 10 օրը մեկ վեր հանել այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք չունեն ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր (այսուհետ` ԱՊՊԱ պայմանագիր) եւ սեփականատերերի նկատմամբ կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ:

Ըստ ներկայիս կարգավորումների՝ միեւնույն տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ մեկ տարվա ընթացքում պետք է 20 անգամ տույժ նշանակել 5-հազարական դրամի չափով:

Օրենքից բխող վերը նշված վարչարարությունը ներկայումս հնարավոր չէ արդյունավետ իրականացնել, քանի որ ՀՀ-ում հաշվառված տասնյակ հազարավոր տրանսպորտային միջոցներ չեն շահագործվում ՀՀ-ում, այլ՝ նրա սահմաններից դուրս, եւ դրանց հիմնական մասը ՀՀ վերադառնալու հեռանկար չունի: Բացի այդ, բազմաթիվ տրանսպորտային միջոցների փաստացի սեփականատերերը եւ հաշվառման տվյալներում առկա սեփականատերերը նույնական չեն: Գործնականում Ճանապարհային ոստիկանությունը վերը նշված հանգամանքների պատճառով երբեէ չի կիրառել այս նորմն այնպես, ինչպես նշված է Օրենքում, այն է՝ մեկ տարվա ընթացքում 20 անգամ տուգանել ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

Նշվածից պարզ է դառնում, որ լիազոր մարմինը չի կարող օրենքից բխող պարբերականությամբ արդյունավետ վարչարարություն իրականացնել եւ իրական հասցեական սուբյեկտներին վարչական տույժի ենթարկել, բացի այդ, միջին ապահովագրավճարը ՀՀ-ում ներկայումս կազմում է մոտ 40 հազար դրամ, ինչից պարզ է դառնում, որ մեկ տարվա մեջ հարյուր հազար դրամ ընդհանուր տուգանքի չափը համաչափ չէ իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

Վերը նշված հոդվածի երկրորդ մասով նախատեսվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու» համար:

Համադրելով Ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի իրավախախտումների համար նախատեսված տույժերը՝ կարելի է ենթադրել, որ նշված վարչական տույժը չի համապատասխանում իրավախախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին, այսինքն՝ անհամաչափ խիստ է, բացի այդ, հարյուր հազար դրամ տուգանքը զգալի սոցիալական բեռ է հանդիսանում հատկապես այն սուբյեկտների համար, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր չեն կնքել հիմնականում ֆինանսական հնարավորությունների պատճառով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված իրավախախտման անմիջական օբյեկտը ոչ թե ճանապարհային երթեւեկության անվտանգությունն է, այլ՝ ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունությունը, արարքի վտանգավորության աստիճանով եւ բնույթով պատասխանատվության միջոցի չափ որոշելը խիստ հարաբերական է դառնում:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հարյուր հազար դրամը ծանր սոցիալական բեռ է այն սուբյեկտների համար, որոնց իրավախախտման կատարման նպաստող պայման է հանդիսացել հենց սոցիալական վիճակը, ապա այս պարագայում ակնհայտ է, որ նման խիստ տույժը կարող է նշված անձանց համար առաջացնել սոցիալական ծանր հետեւանքներ: Օրինակ՝ քաղաքացին, որը հնարավորություն չի ունեցել վճարել 35-40 հազար դրամ ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճար, վարել է տրանսպորտային միջոցը՝ թույլ տալով իրավախախտում, որի համար տուգանվել է հարյուր հազար դրամ, արդյունքում պետք է վճարի եւ՛ հարյուր հազար դրամի չափով տուգանքը, եւ՛ 35-40 հազար դրամ պայմանական ԱՊՊԱ պայմանագրի ապահովագրավճարը:

Միաժամանկ ավելորդ չի լինի նշել, որ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ առաջնահերթություն է տվել ոչ թե պատժի խստությանը, այլ դրա անխուսափելիությանը եւ իրավախախտին դաստիարակելու տրամաբանությանն այն հաշվառմամբ, որ վարչական իրավախախտման համար անձը ենթարկվի այնպիսի պատասխանատվությանը, որով ոչ թե վերջինս կրի էական ֆինսասական բարդություններ, այլ ստիպված լինի իր վարքագիծը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Որպես նշվածի օրինակ կարելի է նշել 2020 թվականի հունվարի 1-ից ներդրված տուգանային միավորների համակարգը, որով վարչական իրավախախտում կատարած անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ որպես հիմնական տույժ՝ տուգանք ցածր արժեքի չափով, սակայն դրան զուգահեռ ենթարկվում է նաեւ լրացուցիչ տույժի տուգանային միավորի տեսքով, ինչն էլ վերջինիս՝ հետագայում տրանսպորտային միջով վարելու իրավունքի կասեցման սպառնալիքով ստիպում է զերծ մնալ այլեւս ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորումից»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել