ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Արթուր Դավթյանը ամբողջությամբ նոր օրենքի նախագիծ են ներկայացրել, որը բռնադատվածի և բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին է։
Օրենքի նախագծի նպատակը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախացումից՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ից հետո, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության և այլ դրդապատճառներով անձանց իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարումների ու բռնաճնշումների դատապարտումը, բռնադատված անձանց իրավունքների վերականգնումը և նրանց բարոյական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելն է:
Նշվում է, որ բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, ենթակա են վերականգնման ժամանակին դրանք շնորհած համապատասխան իրավասու պետական մարմնի կամ դրա իրավահաջորդի կողմից՝ Հանձնաժողովի տված եզրակացության հիման վրա:
«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց տրամադրվում է ամենամսյա դրամական աջակցություն հետեւյալ չափերով`
1) քրեական պատասխանատվության ենթարկված այն անձինք, ովքեր կրել են ազատազրկման հետ չկապված պատիժ կամ նշանակված ազատազկումը պայմանականորեն չի կիրառվել` սահմանված նվազագույն կենսաթոշակի չափով,
2) մինչեւ երկու տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի եռապատիկի չափով,
3) երկուսից չորս տարի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի ութապատիկի չափով,
4) չորս տարուց ավելի ազատազրկման դատապարտված լինելու դեպքում` սահմանված նվազագույն կենսաթոշակի տասներկուսապատիկի չափով,
5) սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված այն բոլոր անձանց, ովքեր նշված չեն սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում, ներառյալ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձանց՝ սահմանված նվազագույն կենսաթոշակի չափով»,-նշվում է նախագծում: