Եկեք ընդունենք, որ գործող ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չունեն ընդդիմության առաջնորդի հատկանիշներ. Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը երբեք այսքան թույլ ընդդիմություն ու ընդդիմության վարկաբեկված առաջնորդներ չի ունեցել։

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, խոսենք փաստերով․

1996թ․ Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյան, ում իսկապես հաջողվել էր ձևավորել ու գլխավորել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանն արժանի ու համարժեք ընդդիմություն։

-1998թ․ Ընդդիմության առաջնորդ Կարեն Դեմիրճյան։ Կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ գործ ենք ունեցել ժամանակի՝ մրցակցությունից դուրս քաղաքական գործչի հետ։

-2003թ․ Ստեփան Դեմիրճյան-Ընդդիմության առաջնորդ, ում անձի շուրջ համախմբվել էր քաղաքական դաշտի մեծագույն հատվածը, ում հաջողվեց ուղղակիորեն կասկածի տակ դնել Ռ․ Քոչարյանի լեգետիմությունը։

-2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյան-Ընդդիմության առաջնորդ, ով իսկապես լրջագույն սպառնալիք էր ժամանակի իշխանության համար։

-2013թ․ Րաֆֆի Հովհաննիսյան։ Վերջինս միակ գործիչն է, ով ամենից շատ ձայնն է ստացել ընդդիմության առաջնորդներից, ում հաջողվել էր մարդկանց հետ անկաշկանդ շփվելու միջոցով հասնել անհավանական արդյունքների։

-2018թ․ Նիկոլ Փաշինյան, ում հաջողվեց գլխավորել իշխանափոխության գործընթացն ու հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին։

Եկեք ընդունենք, որ գործող ընդդիմության առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չունեն ընդդիմության առաջնորդի հատկանիշներ և չեն վայելում մեր ժողովրդի վստահությունը։ Ճիշտ հակառակը՝ այսպիսի վարկաբեկված ընդդիմություն մենք երբեք չենք ունեցել։

Սակայն ճշմարտության դեմ չմեղանչելու համար ընդունենք, որ գործող իշխանությունն էլ ուժեղ չէ, այլ կերպ ասած՝ մենք գործ ունենք թույլ ընդդիմության ու թույլ իշխանության հետ։

ՈՒժեղ իշխանության պայմաններում մեր երկրում այսօր բոլորովին այլ մթնոլորտ կլիներ։

Մենք տարբերակ չունենք՝ պետք է ստեղծենք որակապես նոր ու ուժեղ ընդդիմություն, որպեսզի ունենանք ուժեղ իշխանություն»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել