Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 9-ին, «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչ քայլեր են իրենք պատրաստվում անել ներկա իշխանություններին հեռացնելուց հետո։
«Իշխանության պատճառով Արցախն ու Հայաստանի անկախությունը վտանգված է: Այս վիճակը պարտավոր ենք շտկել: Ելքը անվտանգություն, համերաշխություն, կայունություն, առաջընթաց շղթայով ուժեղ Հայաստանի կերտումն է, որի համար պետք է հեռացնել գործող իշխանություններին և ձևավորել նոր իշխանություն, որը կապահովի թուրք-ադրբեջանական արտաքին ագրեսիայի զսպումը՝ արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը: Այն պետք է հիմված լինի ռազմավարական գործընկեր երկրների ներգրավման, Հայոց զինված ուժերի վերակառուցման, նոր որակի միջազգային դիվանագիտության վրա: Այդ իշխանությունը պետք է վերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ բացառելով Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Նոր իշխանությունը կբացառի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ապաշրջափակման անվան տակ միջանցքի տրամադրումը թշնամական երկրին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո չի իրականացնի սահամանագծում և սահմանազատում: Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և Ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»,- ասաց նա։
Վեջինիս խոսքով՝ նոր իշխանությունը առաջնահերթ կարևորություն կտա պարենային անվտանգությանը և պետական պահուստի խնդիրներին, կարևորագույն խնդիր կդիտարկի հայ ռազմագերիների, պատանդառվածների ու պահվող այլ անձանց վերադարձը և կվարի պրոֆեսիոնալիզմի և հստակ չափորոշիչներով կադրային քաղաքականություն՝ ապահովելով կառավարման համակարգային ճգնաժամի հաղթահարումը:
ԱԺ փոխխոսնակի պնդմամբ՝ նոր իշխանությունը պետության կառավարումից իսպառ բացառելու է պոպուլիզմը, սուտը, կեղծիքը, անգործությունը, անպատասխանատվությունը, կոռուպցիայի բացահայտ և թաքնված ցանկացած դրսևորում։ Խրախուսելու է աշխատասիրությունը, պետական և ազգային մտածելակերպը, անհատական և կոլեկտիվ պատասխանատվությունը:
«Կձևավորվի գործունակ և արդյունավետ պետական կառավարման նոր կառուցվածք: Առաջնահերթ կարգով վերականգնվելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները, վերակառուցվելու է պետական իրավապահ համակարգը՝ դրանք ամբողջությամբ ծառայեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Քաղաքում և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը լինելու է վարվող ոլորտային քաղաքականության, պաշտոնատար անձի գործունեության գնահատման չափանիշ: Տնտեսական աճը ուղղակիորեն պետք է արտացոլվի կենսամակարդակի վրա՝ ապահովելով եկամուտների կայուն աճ:
Կբացառվեն մեր կյանքում անցյալի և ներկայի արատավոր բարքերը՝ երկիրը զերծ պահելով ցնցումներից։
Սփյուռքի, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և ազգային մյուս կառույցների անմիջական ներգրավմամբ կձևավորեն ներքին ու արտաքին մարտահրավերները դիմագրավելու համահայկական հստակ օրակարգեր»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ այդպիսի իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ է.
● Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն: Սա նշանակում է, որ դերակատար քաղաքական ուժերը ստանձնում են հավաքական պատասխանատվություն՝ ձևավորելով պետության կառավարման յուրահատուկ ազգային հավաքական, որը կբացառի որևէ մեկ անձի ներքո իշխանության կենտրոնացումը:
● Իշխանությանը հեռացնելուց հետո կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք ունեն համապատասխան գիտելիքներ, փորձառություն, հայրենասեր են ու առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի և պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձի։ Նրանցից շատերին դուք ճանաչում եք, նրանք մեր մեջ են։ Նրանք արդեն 4 տարի ու այսօր էլ պայքարում են հանուն մեր երկրի ազատության, հանուն ամուր պետականության, հանուն Արցախի, հանուն հզորացման ու թուրքին մեր երկրից քշելու։
● Բացառել կարևորագույն հարցերի վերաբերյալ վարչապետի միանձնյա որոշումների կայացումը։ Վարչապետը պաշտպանության և անվտանգության հարցերով կարող է որոշումներ գործադրել միայն անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ։ Վարչապետի գերլիազորությունները սահմանափակվելու են, ներդրվելու են իրական պառլամենտական կառավարման մեխանիզմներ։
● Պետք է արագ ձևավորել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմ, ուժեղացնել դիվանագիտական կորպուսը՝ համակարգ վերադարձնելով պրոֆեսիոնալ կադրերին, նվազագույնի հասցնելով քաղաքական նշանակումները։
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ ձևավորվող ժամանակավոր կառավարությունը անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Այդ խումբը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։
«Հետևողական քայլերով մենք կվերացնենք ատելության մթնոլորտը երկրում, մարդիկ այլևս չեն հետապնդվի իրենց քաղաքական հայացքների համար, իսկ օրենքը հավասար է լինելու բոլորի համար՝ անկախ կարգավիճակից։
Հայաստանը կրկին դառնալու է ներդրումների համար գրավիչ երկիր, իսկ Երևանը կրկին դառնալու է համայն հայության մայրաքաղաքը։
Իրավիճակի կայունացումից հետո կազմակերպվելու են ազատ, արդար, մրցակցային արտահերթ ընտրություններ»,– ասաց նա։