Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն ամփոփել է ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած՝ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Նախ, թույլ տվեք նիստին ներկա և ընդհանրապես բոլոր կանանց շնորհավորել Մայրության և գեղեցկության տոնի առիթով և առաջարկում եմ ծափերով ողջունենք նրանց (հնչում են ծափահարություններ): Շնորհակալություն:
Հարգելի ներկաներ,
Տեղյակ եք, որ երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջինը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն:
Կառավարության նախորդ նիստում ունեցած ելույթում ես բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր ունեցած նկատառումները, և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների՝ մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերն ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պիտի դառնան բանակցությունների առարկա: Իհարկե, ինչպես նախկինում, մենք այս գործընթացում էական ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը և պիտի շարունակենք աշխատել այդ ուղղությամբ:
Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման՝ մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում:
Վերադառնալով Բրյուսելի հանդիպմանը՝ տեղեկացնեմ, որ հաջորդ որոշումը, որ կայացվեց, մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր: Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ: Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են: Երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները, հիշում եք, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, և ի վերջո, այսպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք:
Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ:
Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ:
Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: Եվրամիության խորհրդի նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը: Քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը: Հիշեցնեմ, որ Արցախյան երկու պատերազմներից հետո մենք 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք՝ 208 հոգի՝ 44-օրյա պատերազմից, 777 հոգի՝ Արցախյան առաջին պատերազմից: Պետք է շարունակենք նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:
Հարգելի գործընկերներ,
Սիրելի ժողովուրդ,
Եթե ընդհանուր գնահատական տալու լինեմ բրյուսելյան հանդիպմանը, պիտի արձանագրեմ, որ երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել, և հետագա գնահատականը, իհարկե, կախված է համաձայնությունների գործնական կիրառման փուլում արձանագրվելիք արդյունքներից: Մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ տանել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր օրակարգը և պիտի առավելագույնը անենք, որ այս օրակարգը դառնա իրականություն: Կրկնում եմ՝ ցավոք, դա միայն մեզնից չէ կախված, բայց մենք աշխատանքի մեր մասը պիտի հետևողականորեն իրագործենք:
Շնորհակալություն: Այսքանը բրյուսելյան հանդիպումների մասին»: