Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել եմ մարտի 25-ին Ադրբեջանի կողմից իրականացված հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին:
Այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ 10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է։
Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով։
Հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները ևս պետք է դիտարկվեն որպես հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, մանավանդ, որ վիրավորների հետ ունեցած առանձնազրույցրերից պարզ է դարձել, որ նրանցից ոմանք անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորվել են այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։ Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականների կողմից իրականացվում էր հումանիտար գործողություն։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերը անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդրի կյանքի և գոյության իրավունքը»,- գրել է նա։
_____
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա 5 վիրավոր։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ և 2 զոհ։