Ազգային ժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
Օրենքներով նախատեսվում են հինգ հիմնական փոփոխություններ։ Վճռաբեկ դատարանում կստեղծվի նոր վարչական պալատ, որի արդյունքում քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն կգործեն առանձին երկու պալատներ։ Դատարանում կստեղծվի նոր՝ հակակոռուպցիոն պալատ՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմերով։ Պալատի ստեղծումը կապահովի բարձրագույն դատական ատյանում ևս նշված գործերի մասնագիտացված, առավել արդյունավետ և սեղմ ժամկետներում քննությունը:
Ներդրվելու է նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման նոր մեխանիզմներ։ Բարձրագույն դատական խորհուրդը թեկնածուների ցուցակի համալրումը իրականացնելու է կամ համալրման ենթակա տեղերի հստակ քանակով, եթե դրանք կանխատեսելի են կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման` թեկնածուների մշտական ցուցակ ունենալու և անկախատեսելի դեպքում թափուր տեղ առաջանալիս արագ համալրում իրականացնելու համար:
Վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն են ունենալու նաև համապատասխանաբար՝ վերջին 10 տարում 8 և 12 տարում 10 տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք: