Մեր օրերում ինֆորմացիան ամենաթանկ «ապրանքն» է

Ինֆորմացիան` որպես եզրույթ, առաջացել է լատիներեն «Formation» և «Forma» բառերից, որը նշանակում է ինչ-որ բանին ձև տալ: Ինֆորմացիան նոր ձև է տալիս մարդու աշխարհայացքին:

Մի փոքր դժվար է ինֆորմացիա տերմինը հայերեն թարգմանելը: Եղած տարբերակներն են` «տեղեկություն», «տեղեկատվություն», «լուր», «լրատվություն», «իրազեկում», սակայն իրավացիորեն պետք է նշել, որ այս բառերից և ոչ մեկը ամբողջությամբ չի բնորոշում ինֆորմացիա հասկացությունը:

Ինչևէ, հայերենում ինֆորմացիան բնորոշելու համար առավելապես օգտագործվում է «տեղեկատվություն» եզրույթը:

Խորհրդային մեծ հանրագիտարանում գրված է. «Ինֆորմացիա-սկզբնապես տեղեկություններ (сведения), որոնք հաղորդվում են մարդկանցից մարդկանց բանավոր, գրավոր կամ այլ ձևերով:

20-րդ դարի կեսերին ինֆորմացիա հասկացությունն ընդլայնվեց, սկսեց ներառել տեղեկությունների փոխանակումը ոչ միայն մարդու եւ մարդու միջեւ, այլեւ մարդու եւ ավտոմատի, ավտոմատի եւ ավտոմատի միջեւ, ազդանշանների փոխանակումը բուսական եւ կենդանական աշխարհում, ինչպես նաեւ հատկությունների փոխանցումը գեների միջոցով բջջից բջիջ, օրգանիզմից օրգանիզմ: Ինֆորմացիա հասկացությունն առայժմ մեկ-միասնական սահմանում չունի»:

ՀՀ օրենսդրության իմաստով` տեղեկություն եզրույթը մեկնաբանվում է որպես անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներ՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ):

Տեղեկատվության ազատությունը ենթադրում է տեղեկությունն օրենսդրությամբ սահմանված կարգով փնտրելու և դա տեղեկատվություն տնօրինողից ստանալու իրավունքի իրականացում:

Հայաստանի Հանրապետության Մայր օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է` յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք` ներառյալ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից:

Նույն հոդվածը միաժամանակ սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից կամ փոխել այն»:

Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ ծավալով է գործում այս իրավունքը:

ՀՀ Սահմանադրության օրենքի վերը նշված հոդվածի տառացի նշանակությունից բխում է, որ ցանկացած ոք իրավասու է ունենալ սեփական կարծիք, պնդել այն, խոսել այդ մասին և տարածել իր կարծիքը:
Կարծիքը` դրական և բացասական, կարող է տարածվել ցանկացած կերպ, խոսքի` գրավոր, բանավոր, այդ թվում` համացանցի միջոցով:

Ավելին, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:

Հ. Գ. Կարծում ենք, յուրաքանչյուր ոք ինքը պետք է հետամուտ լինի իր իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը և օրենքով թույլատրվող միջոցներով փնտրի, ստանա և տարածի իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:

ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել