23-ամյա երիտասարդին դանակահարել է 35-ամյա համագուղացին. ոստիկանություն

Հունվարի լույս 2-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքով 23-ամյա մի երիտասարդ է բուժօգնության դիմել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն։ Ու թեև տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել` իբր գյուղի հանգստի գոտիներից մեկում տաղավարի մետաղյա ցանկապատի վրա ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել, այնուամենայնիվ, ժամեր անց, Ստեփանավանի քրեական հետախույզները պարզեցին եղելությունը:

Նրանք նախ մեկնեցին նշված հանգստի գոտի։ Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ մեքենայի հեռահար լապտերը միացված լինելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է համագյուղացին՝ Կաթնաղբյուր գյուղի 35-ամյա մի բնակիչ։

Կասկածվողը նույն օրը հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվեց։
Դանակը հայտնաբերվել և առգրավվել է:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել