Կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները. ոստիկանությունը նոր նախագիծ է ներկայացնել

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է Կառավարության որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու ոստիկանության մշակած նախագիծը, որի հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով  ձերբակալվածներին պահելու վայրերում առկա խնդիրների վերացման կարևորությունը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀՀ ոստիկանության համակարգի ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից արված առաջարկությունները, ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Նախագծում տեղ գտած փոփոխությունները և լրացումները նպատակ են հետապնդում բացառել ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների տարբեր ձևաչափերով ոտնահարումը, ինչպես նաև ՁՊՎ-ների գործունությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Մասնավորապես․

– ՁՊՎ մուտք գործած յուրաքանչյուր պահվող անձ կենթարկվի արտաքին բժշկական զննության՝ անկախ նրա կողմից բժշկական զննության ենթարկվելու պահանջ ներկայացնելու կամ տեսանելի մարմնական վնասվածքների առկայության հանգամանքից,

– կսահմանվի ՁՊՎ ընդունվող և պահվող անձանց բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ համապատասխան գրանցամատյանում բժշկական օգնություն ցուցաբերելու ժամի մասին նշում կատարելու պահանջ,

– կսահմանվի ՁՊՎ-ում պահվող անձանց հաշվառման գրանցամատյանում ձերբակալվածին ոստիկանության բաժին բերման ենթարկելու և ՁՊՎ մուտք գործելու ժամերը նշելու մասին պահանջ, ինչը հնարավորություն է տալիս ստուգել անձին արգելանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամանակը,

– կվերանայվի ՁՊՎ ընդունվող անձանց իրավունքների և պարտականությունների ծանուցման Ձև 19 տեղեկանքը,

– ՁՊՎ-ներում կկիրառվի մեկանգամյա օգտագործման սպասք, ինչը հնարավորություն կընձեռնի կանխարգելել վարակիչ հիվանդությունների տարածումը,

– կբարելավվեն ՁՊՎ-ների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի թիվ 574-Ն որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի դրույթներին։ Մասնավորապես, քրեական հետապնդման մարմնի եզրույթը փոխարինվում է քրեական վարույթ իրականացնող մարմին հասկացությամբ, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում նման եզրույթ առկա չէ։ Հստակեցվում են ձերբակալաված անձանց պահելու վայրում անձին պահելու հիմքերը, ինչը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ ձերբակալմանը վերաբերող կարգավորումներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել