Լիազորագիր

Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են`

1) հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից.
2) զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, ինչպես նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից.
3) ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից.
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:
Աշխատավարձ և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարներ ստանալու, հեղինակների ու գյուտարարների վարձատրություն, կենսաթոշակներ, նպաստներ և կրթաթոշակներ, քաղաքացիների` բանկային ավանդներ ու փոստային առաքումներ, այդ թվում` դրամական և ծանրոցային, ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորագիր ստացողն աշխատում կամ սովորում է, նրա բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը և այն ստացիոնար բուժական հաստատության տնօրինությունը, որտեղ նա գտնվում է բուժման մեջ:

Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:

Հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից:

Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարել իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների` ֆաքսիմիլ կամ այլ կապի միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել