«Զարթոնքը» պահանջելում է հրապարակել նախապատրաստվող համաձայնագրերի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով հրապարակել նախապատրաստվող համաձայնագրերի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման։

«Դեռևս մեկ տարի առաջ գործող իշխանությունները հայ հասարակության թիկունքում ստորագրեցին կապիտուլյացիոն բնույթի եռակողմ փաստաթուղթ, որն ըստ էության ընդունվել է միանձնյա և գաղտնի: Մինչ պատերազմյան, պատերազմի ընթացքում և այդ փաստաթղթի ստորագրումից հետո իշխանությունների իրականացրած գործողությունների և դրսևորած անգործության հետևանքով վտանգվել է մեր պետականությունը։ 

2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդառաջ տեղեկատվական տիրույթում հայտնվել են մի շարք անհանգստացնող տեղեկություններ, որոնք վերաբերում են նոր ազգակործան փաստաթղթի ստորագրմանը, մասնավորապես՝ ՀՀ պետական սահմանների՝ սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև թշնամի պետությունների հետ հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը։ 

Վերոնշյալի արդյունքում անհայտ սպառնալիքի տակ են հայտնվում Արցախն ու Սյունիքը:

Գործող իշխանությունները վերոնշյալն իրականացնում են գաղտիության շղարշի ներքո և սա իրապես մտահոգիչ է։

Սույն թվականի նոյեմբերի 2-ին և նոյեմբերի 3-ին «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանը՝ «պահպանենք Արցախը», «պահպանենք Սյունիքը» խորագրերով միանձնյա բողոքի ակցիա է իրականացրել՝ կառավարության շենքի դիմաց, պահանջելով հրապարակել սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը և այն դնել հանրային քննարկման։ 

Վահագն Չախալյանին ոստիկանության աշխատակիցները, նրա սահմանադրական իրավունքների սահմանափակմամբ, նոյեմբերի 2-ին երկու անգամ, իսկ նոյեմբերի 3-ին մեկ անգամ ապօրինի բերման են ենթարկել ոստիկանություն՝ խոչընդոտելով վերջինիս բողոքի ակցիային:

Մեկ մարդու կողմից իրականացված քաղաքական ակցիայի նկատմամբ ղեկավարող ուժի նման վարքագիծը միայն խորացնում է մեր մտահոգությունները։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պահանջում է.

  1. ՀՀ կառավարությունից՝ հրապարակել նախապատրաստվող համաձայնագրի բովանդակությունը և ներկայացնել հանրային քննարկման:
  2. ՀՀ ոստիկանապետից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ապօրինությունները, բռնությունները, ճնշումները, ապահովել քաղաքացիների խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքի անխափան իրականացումը։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը վերահաստատելով իր դիրքորոշումը պնդում է՝ ՍՅՈՒՆԻՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻՋԱՆՑՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, սահմանազատմանն և սահմանագծմանը ինչպես նաև կոմունիկացիաների ապաշրջափակումն այս փուլում վտանգավոր է և հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել