Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։
Բոլոր 82 ընտրատեղամասում ավարտվել է ձայների հաշվարկը։
Նախնական տվյալներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է ձայների 36․58 տոկոսը, ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։
Հիշեցնենք, որ Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:
Նշենք, որ նախնական արդյունքների հրապարակումից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը` Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է Գյումրիում: