Ո՞ր գործողությունների համար դատարանը կարող է կիրառել սանկցիաներ

Քաղաքացիական գործին մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ որոշակի գործողությունների համար դատարանի կողմից կարող են կիրառվել պատժամիջոցներ՝ սանկցիաներ:

Դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելու կամ դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականություններն անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու, դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու հետևյալ սանկցիաները.

1) նախազգուշացում.

2) նիստերի դահլիճից հեռացնելը.

3) դատական տուգանք (մինչև 100.000 դրամի չափով).

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը:

Դատարանի կողմից կիրառվող սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը և նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

«Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները կարող են բողոքարկվել հրապարակվելուց հետո` եռօրյա ժամկետում»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Եթե դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն, ապա դատավորը կարող է նշված կարգով կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա և պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել