Չհայտարարված պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է․ «Մարտական եղբայրություն» նախաձեռնող խմբի կոչ-հայտարարությունը

«Մարտական եղբայրություն» նախաձեռնող խումբը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Ա. Իրավիճակի գնահատականը

Պատերազմը շարունակվում է

Չհայտարարված պատերազմը Հայաստանի դեմ շարունակվում է: 

Չնայած լայնածավալ ռազմական գործողություններ չկան, բայց պատերազմը շարունակվում է սահմանային անընդհատ լարվածությամբ և միջադեպերով: 

Նշանակում է՝ նույնիսկ պարտության և ծանր կորուստների գնով չենք ստացել խոստացված խաղաղությունն ու կայունությունը: 

Նշանակում է, որ մեր դեմ գործող ուժերը չեն հասել իրենց վերջնական նպատակներին: 

Նշանակում է, որ հայ ժողովրդի պայքարը հանուն իր ազատության և անկախության շարունակվում է, և դրա ելքը դեռ վճռված չէ: 

Շարունակվող պատերազմի նպատակը հայ ժողովրդին վերջնականապես ծնկի բերելն է, զրկելն է ինքնիշխանության՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի նույնիսկ այն մնացորդներից, որոնք դեռ պահպանվել են այսօր: 

Պարտության պարազիտները

Հարցականի տակ է դրված հայոց պետության դիմադրողականությունը, ինքնապաշտպանության կարողությունը, որը ցանկացած պետության հիմքերի հիմքն է: 

Ի հեճուկս ճակատագրական այս իրավիճակի՝ Հայաստանի խոշոր քաղաքական միավորները չունեն լուծումներ, չունեն ասելիք  և պատերազմից նույնիսկ մեկ տարի անց ի զորու չեն եղել ներկայացնել Հայաստանի փրկության և ելքի ծրագիր: Օտարամոլ, թույլ, և անմիտ՝ նրանք ապացուցել են իրենց անպետքությունը երկրին և ժողովորդին: 

Ավելին՝ կազմակերպված փորձ է արվում տարբեր արտաքին և նրանց ծառայող՝ ներքին ուժերի կողմից պարտությունը վերածել Հայաստանի գոյակերպի, աշխարհայացքի և գաղափարախոսության՝ պարտությունը ներկայացնելով իբրև անխուսափելի և անշրջելի իրողություն, որի հետ հայ ժողովուրդը պետք է հաշտվի հավետ՝ հրաժարվելով այդպիսով իր ազատությունից և անկախությունից: 

Բ. Ի՞նչ է անհրաժեշտ

Դիմադրության կորիզ

Այս իրավիճակում անհրաժեշտ է ուժի բևեռացում, հանրային առողջ բջիջների ինքնակազմակերպում, քայլ առ քայլ համախմբում: 

Պետք է ձևավորվի և ամրանա դիմադրության կորիզը, որը կմարմնավորի Հայաստանի վերածնունդը, և որի դավանանքը կլինի՝ հավատ և հենք սեփական ուժերին և հրաժարում հայկական վերնախավերի օտարամոլ,  քաղքենի էությունից: 

Պետք է նո՛ր հավատքի, նո՛ր վճռականության և նո՛ր պայքարի դրոշ բարձրացվի: 

Կռվողը չի պարտվել

Ուժի նման բևեռացումը, դիմադրողականության կորիզի ձևավորումը լավագույնս հնարավոր է 2020 թվի պատերազմի մասնակիցների միջավայրից: 

Հայ ժողովուրդը և նրա կռվող զավակները չեն պարտվել պատերազմում: 

Պարտվել է պետությունը, վերնախավերը, բարձրաստիճան սպայության մի մասը, բայց չի պարտվել մինչև վերջ կռվող զինվորը, սպան, կամավորը, նա ով չի լքել իր դիրքը, չի ընկճվել կորուստներից ու զոհողություններից: 

Նա սեփական աչքով տեսել է դառն ու դաժան իրականությունը՝ պետության անկարողությունը, բայց նաև իր իսկ պայքարով մարմնավորել է հայ ժողովրդի դիմադրության չմարող ներուժը: 

Ո՞վ պետք է լռի և ո՞վ պետք է խոսի

Կռվողի ձայնն այսօր Հայաստանում լսելի չէ: Անվտանգությունից, ինքնապաշտպանությունից, պատերազմից ու խաղաղությունից, մյուս հիմնարար խնդիրներից խոսում են բոլորը, և առավելապես՝ երկիրը պարտության հասցրած վերնախավերը, բայց հազվադեպ՝ բուն կռվի մասնակիցները: Մինչդեռ պիտի լիներ հակառակը. շատերը պիտի լռեին՝ խոսքը տալով պայքարի ծանրությունն առաջին գծում իրենց վրա վերցրածներին: 

Գ. Հռչակագիր

Ազգային դիմադրություն

Ելնելով այս իրողություններից և անհրաժեշտություններից՝ հայտարարում ենք «Մարտական եղբայրություն» նախաձեռնության մասին: 

«Եղբայրության» նախաձեռնող խմբի անդամների ճնշող մեծամասնությունը 2020 թվականի պատերազմի մասնակիցներն են, որոնց, բացի պատերազմին մասնակցելուց, միավորում են ընդհանուր գաղափարները և արժեքները: 

«Մարտական եղբայրությունը» կուսակցական պայքարից դուրս է: 

Մեր նպատակները՝ բարձրագույն՝ պետական և ազգային, այլ ոչ թե կուսակցական քաղաքականության մակարդակում են՝ ինքնիշխանություն, անվտանգություն, ինքնապաշտպանություն և գաղափարախոսություն: 

«Եղբայրությունն» իրեն իրավունք է վերապահում խոսքով և գործով իր դիրքորոշումը հայտնել ազգային և պետական բոլոր խնդիրների վերաբերյալ՝ բացառելով կուսակցական մանր գզվռտոցի մեջ ներգրավվելը: 

Միաժամանակ՝ մեր դռները բաց են բոլորի առաջ՝ անկախ քաղաքական ընթացիկ դիրքորոշումից՝ պայմանով, որ ընդունելի են «Մարտական եղբայրության» գաղափարներն ու նպատակները: 

Վերջին կայազորը

«Մարտական եղբայրություն» իրեն գիտակցում է որպես հայկականության վերջին կայազոր՝ պատրաստ մինչև վերջ պայքարել հանուն Հայաստանի անկախության և անվտանգության՝ չհանձնվելով նույնիսկ լիակատար մենակության մեջ, և հասնելով իր պայքարի անխուսափելի հաջողությանը: 

Վերջին կայազորի համար վտանգը ոչ թե ընկճվելու, այլ համախմբվելու, գործելու և հաղթելու առիթ է: 

Այսօր, երբ ոտնակոխ է հայության արժանապատվությունը, «Մարտական եղբայրությունը» պատրաստ է տեր կանգնել երկրի և ազգի պատվին, և ըստ անհրաժեշտության՝ լուծել նաև «թշվառ, անտեր» հայրենիքի՝ «քեն, ոխ և վրեժ»: 

Համախմբման կոչ

Նախաձեռնող խումբը կոչ է անում 2020-ի պատերազմի բոլոր մասնակիցներին, որոնց հարազատ են «Մարտական եղբայրություն» գաղափարները, արժեքներն ու նպատակները՝ միանալ նախաձեռնությանը՝ համատեղ ուժերով կառուցելու և զարգացնելու հայկական դիմադրության կառույցը: 

«Մարտական եղբայրություն» անդամ կարող են լինել նաև նրանք, ովքեր չեն մասնակցել պատերազմին, սակայն կրողն են Միաբանության գաղափարների ու արժեքների: 

Միայն համախմբված՝ ի զորու կլինենք հասնել այն մեծ նպատակներին, որոնք դրված են մեր Հայրենիքի առաջ: 

Քաջութիւն հասցէ ձեզ ի քաջէն Վահագնէ ամենայն Հայոց աշխարհիս: 

  • Ավետիս Ավետիսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ
  • Արեգ Գևորգյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ 
  • Արման Եղիազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ 
  • Արման Պետրոսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի
  • Գարիկ Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ 
  • Գոռ Ասատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մատաղիս, Մարտակերտ, Բերձոր
  • Դավիթ Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ 
  • Դավիթ Սանասարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Հադրութ, Մատաղիս
  • Էդգար Գրիգորյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտունի 2
  • Էդգար Խաչատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտունի 3
  • Համազասպ Ասլանյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի
  • Հովսեփ Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ
  • Հրանտ Սվյատեցկի, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի
  • Հրանտ Տեր-Աբրահամյան, պատմաբան
  • Մասիս Շիրոյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի
  • Մարտուն Ադամյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մատաղիս
  • Միհրան Ասատրյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ
  • Սերգեյ Դալաքյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ
  • Սևան Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարմիր Շուկա
  • Վահրամ Ղազարյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Եղնիկներ, Շուշի
  • Վան Ահարոնյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Մարտակերտ, Մատաղիս
  • Վարդան Հակոբյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Թաղավարտ
  • Տարոն Սիմոնյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի
  • Օգանեզ Օգանիսյան, 2020 թ.-ի պատերազմի մասնակից, Կարախանբեյլի, Մարտունի 3, Շուշի
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել