Ո՞ր մարմինն է զբաղվում դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցերով

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն` Արդարադատության խորհուրդն օրենքով սահմանված կարգով՝ դատավորներին ենթարկում է կարգապահական պատասխանատվության, առաջարկ է ներկայացնում Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին։

Արդարադատության խորհուրդն անկախ մարմին է, որը Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններն իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված կարգով: Արդարադատության խորհրդի դատավոր անդամ կարող է ընտրվել դատավորի պաշտոնում առնվազն 5 տարի աշխատած այն դատավորը, որը վերջին հինգ տարիների ընթացքում չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Դատարանի նախագահը, վճռաբեկ դատարանի պալատի նախագահը չեն կարող լինել Արդարադատության խորհրդի անդամ:
Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի պաշտոնը պետական պաշտոն է:

Մեկ տարի ժամկետով ձևավորվում է Արդարադատության խորհրդի երեք անդամից կազմված կարգապահական հանձնաժողով: Կարգապահական հանձնաժողովի կազմի մեջ մտնում են խորհրդի անդամ երկու դատավոր և մեկ իրավաբան գիտնական:

Կարգապահական հանձնաժողովն իրավունք ունի՝

    • կարգապահական վարույթ հարուցելու առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորի և դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ.
    • Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու` վճռաբեկ դատարանի դատավորի և պալատի նախագահի, ինչպես նաև վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ և համապատասխան միջնորդությամբ դիմելու Արդարադատության խորհուրդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել