Ռազմամթերքների տեսակները և դասակարգումը (Մաս 1)

Ձեռքի հրազենի համար նախատեսված ռազմամթերքը ընդգրկում է արկեր (գնդակ, մանրագնդակ, կոտորակ), պարկուճներ, հրապատիճներ, վառոդ: Իրենց միասնության մեջ նրանք կազմում են միասնական փամփուշտ: Փամփուշտները դասակարգվում են՝ մարտական, որսորդական, սպորտային հրազենների:

Ողորկափող որսորդական հրազենների ռազմամթերքին են դասվում են նաև խիցերը և միջադիրները:

Ժամանակակից հրազենային զենքերից կրակելու համար օգտագործվում են փամփուշտները: Վերջինիս մեջ լիցքը և արկը կազմում են մեկ ամբողջություն: Զենքի յուրաքանչյուր նմուշ ունի իր, այսպես կոչված, հաստիքային փամփուշտը՝ հատուկ պատրաստված տվյալ տեսակի զենքի համար:

Մարտական զենքերի փամփուշտները լինում են՝ ա) հրացանի, բ) ատրճանակի, որոնցից յուրաքնչյուրն օգտագործվում է համապատասխան տեսակի զենքի համար: Փամփուշտները կարող են լինել մարտական, ոչ մարտական (անգնդակ) և ուսումնական:

Հրազենի կրակոցի համար օգտագործվում է միավոր փամփուշտ: Մարտական զենքերի փամփուշտները կազմված են հրաձիգ արկից՝ գնդակից, անծուխ վառոդի լիցքից, հրապատիճից (պիստոն) և պատյանից՝ միավորված պարկուճի մեջ: Սովորական գնդակն ունի պողպատյա միջնաձող՝ ծածկված կապարե շապիկով և պողպատե պատյանով՝ երեսպատված պղնձացինկով «պղնձի ձուլվածք 3-10%-ոց ցինկի հետ»: Մարտական փամփուշտները կարող են լիցքավորված լինել հատուկ նշանակությամբ գնդակներով՝ լուսարձակող (հետագծող), այրող (վառող) և զրահահար-այրող:

Որսորդական հրացանի փամփուշտը բաղկացած է՝ արույրե պլաստմասայե կամ ստվարաթղթե պարկուճից, խիցով պատված արկից, վառոդից՝ ստվարաթղթային միջադիրով և խիցով (պիժ), հրապատիճից: Որսորդական փամփշտի հրապատիճը նույնանման է մարտականին: Որսորդական փամփուշտի արկ կարող է լինել կոտորակը (գործարանային արտադրանքի կապարե գնդակներ՝ 1,5-5,5մմ, ինքնաշեն ձուլածո կոտորակ), մանրագնդակը (կապարե գնդակներ 6-10մմ), հատուկ գնդակներ: Որսորդական փամփուշտները լիցքավորվում են ծխացող կամ սև (կալիումական սելիտրայի, ծծմբի և ածխի խառնուրդից) և անծուխ վառոդով:

Ծխացող վառոդը, որը հայտնի է դեռ 13-րդ դարից, կազմված է բորակից (սելիտրա) 75%, ծծումբից 10% և ածուխից 15%: Ծխացոխ վառոդն այրվելիս առաջացնում է ուժեղ բոց և ծուխ: Այդ վառոդը սովորաբար օգտագործվում է ողորկափող և ակոսավոր որսորդական հրազենների փամփուշտներում: Անծուխ վառոդը իրենից ներկայացնում է պիրոքսիլին և նիտրոգլիցերին: Այն պատրաստվում է օրգանական բջջանյութից (ցեյլուլոզա)՝ մշակված ազոտական թթվով և եթերասպիրտային խառնուրդով: Իր ձգաբանական հատկություններով նա մի քանի անգամ գերազանցում է ծխացող վառոդին: Պայթելիս անծուխ վառոդը փոքր բոց և շատ քիչ ծուխ է առաջացնում: Շփման և հարվածների զգայությունը իջեցնելու համար՝ նրան ավելացնում են նաև պարաֆին, մոմ, գերչակի ձեթ և այլն: Անծուխ վառոդը օգտագործվում է բոլոր մարտական, ինչպես նաև որոշ որսորդական հրազենների փամփուշտների համար: Անծուխ վառոդի առավելությունն այն է, որ նրան հատուկ է վառոդային գազերի մեծ էներգիա, որը և գնդակին տալիս է սկզբնական մեծ արագություն:

Փամփուշտի բաղկացուցիչ մաս է նաև խիցը (պիժը), որն օգտագործվում է որսորդական հրազենների փամփուշտներում: Խիցերն իրենցից ներկայացնում են վառոդի ու կոտորակի միջադիր, ինչպես նաև դնում են կոտորակի վրա պարկուճի անցքը փակելու նպատակով: Խիցը սեղմում է վառոդային լիցքին և ստեղծում փոքրիկ խցիկ, որտեղ կուտակվում են վառոդային գազերը:

Գործարանային թողարկաման խիցերը պատրաստվում են յուղով կամ պարաֆինով մշակված թաղիքից, նրբաթաղիքից, ստվարաթղթից (կարող է պատրաստվել և այլ նյութերից): Վառոդը թաղից առանձնացնելու համար օգտագործվում են ստվարաթղթե բարակ միջադիրներ, իսկ մանրագնդակային կամ կոտորակային արկերն ամրացնելու համար նրանց վրա դրվում է ստվարաթղթե խից:

Հաճախ տնային պայմաններում փամփուշտները լիցքավորելիս օգտագործում են ինքնաշեն խիցեր (սովորական թաղիք, կաշի, լրագրի կտոր, գործվածք, խցաններ և այլն), որոնք երբեմն արժեքավոր իրեղեն ապացույցի նշանակություն են ձեռք բերում, որովհետև միշտ չէ, որ դրանք լրիվ այրվում են, իսկ փողանցքից դուրս ժայթքելով թռչում են շատ հեռու (մի քանի մետր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել