Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:
Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, գույքը կառավարում է ի շահ այդ անձի, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը:
Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:
Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:
Անձին անհայտ բացակայող ճանաչելու` սույն հոդվածով չնախատեսված հետևանքները սահմանվում են օրենքով: