Սահմանադրական դատարանի անդամն անձեռնմխելի է։
Սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց սահմանադրական դատարանի և իրեն նշանակող մարմնի` Ազգային ժողովի կամ Հանրապետության Նախագահի համաձայնության: Սահմանադրական դատարանի համաձայնությունը տրվում է եզրակացությամբ, Ազգային ժողովի համաձայնությունը` Ազգային ժողովի որոշմամբ, իսկ Հանրապետության Նախագահի համաձայնությունը` հրամանագրով:
Սահմանադրական դատարանի անդամը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Սահմանադրական դատարանի անդամի ձերբակալման մասին անհապաղ տեղեկացվում են Հանրապետության Նախագահը և սահմանադրական դատարանի նախագահը: Ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և սահմանադրական դատարան:
Ձերբակալումը կատարած մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել սահմանադրական դատարանի նախագահի անարգել մուտքը այն վայր, որտեղ պահվում է սահմանադրական դատարանի ձերբակալված անդամը, և ապահովել նրա տեսակցությունը սահմանադրական դատարանի անդամի հետ:
Սահմանադրական դատարանի անդամը չի կարող բերման ենթարկվել: Իրավասու մարմին առանց փաստաթղթերի բերման ենթարկված սահմանադրական դատարանի անդամը պետք է անմիջապես ազատ արձակվի նրա ինքնությունը պարզելուց հետո:
Խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար սահմանադրական դատարանի շենք մուտք գործելն իրականացվում է սահմանադրական դատարանի նախագահի իրազեկմամբ:
Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն գլխավոր դատախազը:
Սահմանադրական դատարանի անդամը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:
Ռազմական կամ արտակարգ դրության հայտարարումը չի վերացնում օրենքով ամրագրված անձեռնմխելիության երաշխիքները:
Սահմանադրական դատարանի անդամին տրամադրվում է դիվանագիտական անձնագիր:
Աղբյուրը՝ Իրավաբան.net