Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ կամ դատարանի վճռով սահմանված չափով ալիմենտի բռնագանձումը, ինչպես նաև ալիմենտային պարտքի բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից։ Վաստակի և (կամ) այլ եկամտի անբավարարության դեպքում ալիմենտ պահվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի՝ բանկերում կամ այլ վարկային կազմակերպություններում գտնվող դրամական միջոցներից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին պայմանագրերով հանձնված դրամական միջոցներից, բացի այն պայմանագրերից, որոնք առաջացնում են սեփականության իրավունքի փոխանցում։
Այդ միջոցների անբավարարության դեպքում բռնագանձում տարածվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի ցանկացած այն գույքի վրա, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել։
Ալիմենտ վճարելու պարտավոր անձի բանկային հաշիվներում գտնվող դրամական միջոցների և նրա այլ գույքի վրա բռնագանձում տարածելը կատարվում է քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։