Օտարերկրյա պետություններում գտնվող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումը կարող են ներկայացնել այդ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ և հյուպատոսական հիմնարկներ:
Հայաստանի Հանրապետություն մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու դիմումը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկն օտարերկրյա քաղաքացու դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է լիազոր պետական մարմին:
Հայցողի վերաբերյալ իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո լիազոր պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայցողի դիմումի և դրան առնչվող բոլոր փաստաթղթերի հիման վրա կազմում է առաջարկություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:
Առաջարկությունը կազմվում է դիմումի կապակցությամբ գործում առկա հանգամանքների շարադրման սկզբունքով` առանձին մատնանշելով դիմումը բավարարելու և մերժելու` սույն օրենքով նախատեսված հիմքերը:
Դիմումի հիման վրա լիազոր պետական մարմինը կազմում է անձնական գործ:
Դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկը և լիազոր պետական մարմնում բացված գործը կազմելու և վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net