«Իզմիրլյան բժշկական կենտրոնի» աշխատակազմի հայտարարությունը՝ Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ

«Իզմիրլյան բժշկական կենտրոնի» աշխատակազմի հայտարարությունը․

«Հարգելի հայրենակիցներ,

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պերֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:

Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:

Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ:

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր․

«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել