Թուրքերը ժամացույցին նայելով սպասում են, թե դա երբ է լինելու. Մարուքյանն՝ ընտրությունների մասին

«Ակնհայտ է, որ մարդիկ ուզում են մեկ բան՝ ուզում են այս ղալմաղալը դադարեցնել, իրար հետ պայքարելու այս ոճը, կռիվը, իրար ոչնչացնելու բոլորի ծրագրերը, մարդիկ ուզում են դրան վերջ դնել»,-այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է միմյանց ատելը, և պետք է պլան մշակել, թե ինչպես կարելի է Սյունիքից և Գեղարքունիքից թուրքերին հանել:

«Որ ուժը 51 տոկոս հավաքեց, մյուս ուժն ասելու է, որ կեղծվել են ընտրությունները, հանելու է ժողովրդին բերի հրապարակ, ցնցումներ են սկսվելու երկրի ներսում: Թուրքերը ժամացույցին նայելով սպասում են, թե դա երբ է լինելու»,-նշեց ԼՀԿ առաջնորդը:

Նա ասաց, որ եթե մեծամասնություն լինեն խորհրդարանում, պատրաստ են վարչապետի թեկնածու չառաջադրել և ընտրել վարչապետ բոլոր ուժերից դուրս որևէ մեկին և ձևավորել ազգային համաձայնության կառավարություն:

«Մենք ի սկզբանե ասել ենք՝ ոչ մի ուժի չենք միանալու, առանձին վերցրած, որ այդ ուժը գա, մյուս ուժերին ոչնչացնի: Կամ բոլոր ուժերով միանում ենք, երկիրն այս վիճակից հանում ենք կամ դա տեղի չի ունենա և տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ: Որպեսզի այդ 2-րդ փուլը տեղի չունենա, ևս 28 օր երկիրը ցնցումների մեջ չլինի, ի՞նչ է պետք անել, լիազորեք ԼՀԿ-ին, և մենք կձևավորենք համերաշխության և ազգային միասնության կառավարություն»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել