«Պատիվ ունեմ» դաշինքը՝ ընտրություններից հետո քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին

«Պատիվ ունեմ» դաշինքն այսօր՝ մայիսի 24-ին, հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Պատիվ ունեմ» դաշինքի կուսակցությունները Արցախյան երրորդ պատերազմից հետո իրենց քաղաքական գործունեության մեջ մշտապես բացառել են որեւէ համագործակցություն դավադիր պատերազմի հրձիգ հանդիսացող և երկու հայկական պետականություններն ազգային աղետի հասցրած կապիտուլյանտների եւ նրանց սպասարկող գրպանային ուժերի եւ գործիչների հետ։

Պատերազմի ընթացքում եւ դրանից հետո նրանք դարձան խայտառակ պարտությունների, հսկայական կորուստների եւ ժողովրդի թիկունքում հյուսվող հակազգային գործարքների մեղավորն ու հանցակիցը:

Ընտրություններից հետո նման ուժերի հետ որեւէ համագործակցություն լինել չիկարող։

Նրանց պետք է հեռացնել իշխանությունից եւ ստեղծվելիք հետաքննչական մեխանիզմներով բացահայտել հայրենազրկման ողջ դավադրությունն ու ենթարկել արդարադատության։

Հունիսի 20-ից հետո կապիտուլյանտների համար համագործակցության միայն մեկ ճանապարհ է լինելու՝ իրավապահ համակարգի հետ, վերջին երեք տարիներին իրականացված բոլոր ապօրինությունները, դավաճանությունները եւ հանցանքները բացահայտելու ուղղությամբ։

Պատիվ ունեցող բոլոր քաղաքական գործիչներից և ուժերից ակնկալում ենք նույնանման մոտեցման որդեգրում»:

Հիշեցնենք, որ նմանատիպ հայտարարություն մայիսի 22-ին տարածել էր նաև «Հայաստան» դաշինքը՝ նշելով․ «Սկզբունքորեն բացառում ենք որեւէ համագործակցություն դավաճանական ուժերի հետ։ Նման գործարքը ցանկացած քաղաքական միավորի համար գնահատվելու է Հայաստանի եւ Արցախի հանդեպ իրականցված հանցագործության մեղսակցություն եւ, ուժ տալով չարիքին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել