Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Տաջիկստանի ԱԽ քարտուղար Նասրուլլո Մախմուդզոդայի հետ:

Խոսակցության սկզբում շնորհավորեցի Նասրուլլո Մախմուդզոդային նախօրեին Տաջիկստանում նշված Ֆիտր սրբազան տոնի կապակցությամբ:

Այնուհետև իմ տաջիկ գործընկերոջը ներկայացրեցի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելու հանգամանքը:

Կարևորելով ՀԱՊԿ-ի դերակատարությունը այս հարցում, միևնույն ժամանակ առանձնակի կարևորեցի Տաջիկստանի, որպես այս պահին ՀԱՊԿ նախագահող երկրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ինքնին աննախադեպ է ՀԱՊԿ-ի համար և այս առումով յուրօրինակ փորձություն ու իմիջային հարց, որպես միջազգային անվտանգային կառույցի համար:

Ներկայացնելով ստեղծված իրավիճակը շեշտեցի, որ Հայաստանը իրադրությունը ընկալում է, որպես ոտնձգություն իր սուվերենության և տարածքային ամբողջականության հանդեպ և ակնկալում է ՀԱՊԿ անդամ պետությունների դաշնակցային պարտավորությունների շրջանակներում համարժեք արձագանք:

Քննարկեցինք ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ կանոնակարգերով և փաստաթղթերով նախատեսված գործիքակազմերի և արձագանքման հնարավոր տարբերակների հետ կապված հարցերը:

Նասրուլլո Մախմուդզոդան իր հերթին կարևորեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատեց հայկական կողմի զսպված և հավասարակշռված մոտեցումը:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորելով հարցի արագ լուծման համար հնարավոր բոլոր մեխանիզմների գործարկումը՝ պատրաստակամություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակներում, որպես նախագահող երկրի ներկայացուցիչ՝ աջակցել հարցի խաղաղ և արագ լուծմանը:

Ստեղծված իրավիճակի համատեքստում կարևորեցինք մոտ օրերս Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել