Մենք իրավունք չունենք որևէ կերպ անվտանգային խնդիրները խառնել ներքաղաքական խնդիրներին․ Լիլիթ Մակունց

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակագում մեկ հարց է՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախաձեռնությունը, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մակունցը, խոսելով «Իմ քայլի» անունից, իր ելույթում ասաց․

«ՀՀ ցանկացած տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի անվտանգության հարցը մեր ամբողջ պետության անվտանգության հարցն է և մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է։ Եվ մենք իրավունք չունենք որևէ կերպ անվտանգային խնդիրները խառնենք ներքաղաքական խնդիրներին։ Ներքաղաքական հարցերը պարզաբանելու ժամանակ կունենանք անպայման, այդ թվում՝ նախընտրական փուլում, բայց անվտանգային հարցերը պահանջում են մոբիլիզացիա, պահանջում են համախմբում և միահամուռ կերպով այդ խնդիրների լուծում։ Երբ այլ պետությունների խորհրդարանները քննարկում են, օրինակ, ՀՀ անվտանգությանն առնչվող հարցեր և ընդունում են բանաձևեր, անկախ իրենց տարաձայնություններից, այդ պետությունների պատգամավորները միահամուռ կերպով պաշտպանում են մեր անվտանգության հարցը և դատապարտում ագրեսիան։

Կարծում եմ՝ հատկապես մենք, երբ դա մեզ է առնչվում, ավելի շահագրգիռ պետք է լինենք անվտանգության հարցերում համախմբվելու։ Այն, որ ՀՀ-ն այս պահին անում է առավելագույնը բանակցային ճանապարհով լուծելու խնդիրը և ադրբեջանական կողմին վերադարձնելու ելման դիրքերին, սա նույնպես դրա վկայությունն է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ ՀՀ-ն պատրաստ չէ ցանկացած զարգացումներին։ Եվ դա է պատճառը, որ մենք դիմել ենք այն անվտանգային համակարգին, որին մաս ենք կազմում՝ ՀԱՊԿ-ին, անհարժեշտության դեպքում նաև ուժային գործողություններ ձեռնարկելու համար, ինչպես նաև մեր միջազգային մյուս գործընկերներին, որոնցից հանրային արձագանք նույնպես ստանում ենք։

Հստակ նշվեց այն ճանապարհը, որով ՀՀ-ն գնում է խնդրի լուծման համար։ Ես ողջունում եմ նաև այն գործընկերներին, ովքեր հարցեր են բարձրացնում, որոնց պատասխանները հնչում են էստեղից և կհնչեն։ Մենք նաև առաջարկել ենք՝ եթե կա անհրաժեշտություն նաև դռնփակ ռեժիմով համապատասխան գերատեսչությունների հետ քննարկելու անհրաժեշտ հարցերը, ապա մեր գործընկերները, իհարկե, ազատ կերպով կարող են դա անել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել