Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը։
Իրավաբան․net-ը մաս-մաս ներկայացնում է այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտել նոր նախագծում։ Ամբողջովին փոփոխվել է օրենսգրքի 4-րդ գլուխը, որը վերաբերում է նախընտրական քարոզչությանը։
Ըստ փոփոխության՝ նախընտրական քարոզարշավը սկսվում է թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 5-րդ օրվանից և ավարտվում քվեարկության նախորդ օրը։ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի դեպքում նախընտրական քարոզարշավը կսկսվի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 8-րդ օրվանից։
Օրենսգրքի իմաստով նախընտրական քարոչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։ Նախընտրական քարոզչությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով՝
1) թեկնածուներին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված հրապարակային կոչերը,
2) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վերաբերյալ նախապատվության հրապարակային արտահայտումը՝ ուղղված ընտրողների կամարտահայտության ձևավորմանը,
3) թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության դեպքում հնարավոր հետևանքների (դրական կամ բացասական) նկարագրությունը,
4) տեղեկատվության տարածումը, որում ակնհայտորեն գերակշռում են որևէ թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ տեղեկությունները՝ զուգորդված դրական կամ բացասական մեկնաբանություններով,
5) ցանկացած գործունեություն, որն ուղղված է ընտրողների մոտ թեկնածուների, կուսակցությունների, (կուսակցությունների դաշինքների) նկատմամբ դրական կամ բացասական վերաբերմունքի ձևավորմանը։
Ըստ նախագծի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չեն համարվում նախընտրական քարոզչություն։ Այդպիսի հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսա- ձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։
Նոր Ընտրական օրենսգրքով արգելվելու է ընտրությունների նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ նրանց լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան ներքո ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ, նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող նվերների տալը խոստանալը կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ որևէ անձի կողմից բարեգործության հետ ﬕաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը։
Ազգային ժողովի ընտրությունների դեպքում հեռուստաբանավեճերի քանակը չպետք է պակաս լինի 4-ից՝ յուրաքանչյուրն առնվազն 90 րոպե տևողությամբ, իսկ հեռուստաբանավեճերից առնվազն ﬔկին պետք է հրավիրվեն միայն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների առաջին համարի թեկնածուները։
Նոր ընտրական օրենսգիրքը կարգավորումներ է տալիս նաև համցանցում, հեռուստատեսությամբ և ռադիոյով քարոզչության անցկացման վերաբերյալ։ Ներկայացվել է նաև նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը։ Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցություններն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Օրենքով սահմանված կարգով փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում։
Արգելվում են քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
Նոր նախագծով արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին, այդ թվում՝ տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով մեքենաների կուտակումը և անձի (անձանց) շարունակական ներկայությունը։
Արգելվելու է նախընտրական քարոզարշավի կազմակերպումն ու իրականացումը, ներառյալ՝ նախընտրական քարոզչության իրականացումը՝
1) հանրային ծառայության մեջ գտնվողներին (հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց), առողջապահական, բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, ներառյալ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս, ներառյալ՝ աշխատանքային ժամերին կամ ի պաշտոնե հանդես գալիս,
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, ներառյալ՝ աշխատանքային ժամերին կամ ի պաշտոնե հանդես գալիս,
3) դատավորներին, դատախազներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, պրոբացիոն ծառայությունում, փրկարար ծառայությունում ծառայողներին, զինծառայողներին, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննչական մարմինների ղեկավարներ և ղեկավարների տեղակալներ, քննիչներ),
4) ընտրական հանձնաժողովների անդամներին,
5) Հանրապետության Նախագահին,
6) Մարդու իրավունքների պաշտպանին,
7) Կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին,
8) Հաշվեքննիչ պալատի անդամներին,
9) Բարձրագույն դատական խորհրդի անդամներին,
10) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին,
11) ինքնավար մարմնինների անդամներին, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին,
12) դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպություններին և դիտորդներին,
13) բարեգործական և կրոնական կազմակերպություններին,
14) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին,
15) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց։
Ըստ փոփոխության՝ արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմնինների պաշտոնատար անձանց կողմից նախընտրական քարոզչության համատեղումը պաշտոնական գործուղումների հետ, այդ թվում՝ նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական գործուղումների ընթացքում, ինչպես նաև գործուղման ավարտից հետո՝ գործուղված մարզի կամ համայնքի տարածքում։
Նախագիծը նաև սահմանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները համաճարակի ժամանակահատվածում ընտրություններ և հանրաքվե նախապատրաստելիս և անցկացնելիս։
Եթե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված ընդունվել է կարանտին սահմանելու մասին որոշում, կարանտին սահմանված տարածքում Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կամ հանրաքվեի նախապատրաստումն ու անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների իրականացման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ՝ հիմք ընդունելով կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված պահանջները։ Առանց սահմանված անհատական պաշտպանության միջոցների օգտագործման՝ ընտրական տեղամաս մուտք գործելն ու քվեարկության մասնակցելն արգելվում է։
Կարդացեք նաև՝