Նոր փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում․ մի խումբ քաղաքացիներ իրենց աշխատավայրում քվեարկելու հնարավորություն չեն ունենա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը։

Իրավաբան․net-ը մաս-մաս ներկայացնում է այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտել նոր նախագծում։

Գործող օրենքի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։ Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական կամ արտահերթ ընտրություններ։

Մեկ այլ առաջարկվող փոփոխության համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում կարող են հրապարակել նաև կառավարության՝ իրենց կողմից առաջարկվող կառուցվածքը և կազմը։

Գործող օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: Այս ցանկից առաջարկվում է հանել ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողներին։

Նախատեսվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրություն նշանակվելուց հետո 7-օրյա ժամկետում հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսության եթերով տեղեկատվություն  կհրապարակի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության, ընտրությունն անցկացվող համայնքի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ ներկայացնելու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, ինչպես նաև քվեարկության օրվա մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 36 ժամ հետո հանձնաժողովի համացանցային կայքում կտեղադրի ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։ Բացի այդ՝ հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեխնիկական սարքավորուﬓերով գրանցված ընտրողների տվյալների հիման վրա ընտրողների ռեգիստրում պետք է լրացնի ընտրողի մասնակցության մասին տեղեկատվություն, որը կպահպանվի մինչև քվեարկության արդյունքների ամփոփման համար։

Ըստ նախագծի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների դեպքում լիազոր մարմինը ընտրողների ցուցակը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր և 7 օր առաջ, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 20 օր առաջ էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։

Ընտրելու իրավունք կունենան այն քաղաքացիները, ովքեր քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենց տեղամասային կենտրոնում քվեարկելու անհնարինության դեպքում տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները, ինչպես նաև հավատարմագրված դիտորդները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, կկարողանան լիազոր մարմնին դիմում ներկայացնել՝ ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ իրենց նախընտրած վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին՝ նշելով տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող անձանց համար մատչելի ընտրական տեղամասի համարը։ Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես կհանի ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և կլրացնի ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։

Նախագծով նախատեսվում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր, 10 օր և 6 օր առաջ պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար զորամասերում, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում հաշվառված ընտրողների թիվը։

Ըստ փոփոխության՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները քվեարկությունից հետո երկօրյա ժամկետում կհրապարակվեն հանձնաժողովի համացանցային կայքում, որոնք կպահպանվեն մինչև քվեարկության արդյունքների ամփոփումը։ Քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները պահպանության կհանձնվեն  պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանելու համար։

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել