Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։
«Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։
Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ ոլորտում առկա խնդիրներին և քննարկել դրանց լուծման եղանակներն ու հնարավորությունները։
Ոլորտի ներկայացուցիչները, որպես հիմնական խնդիրներ, առանձնացրել են կորոնավիրուսի ազդեցության պայմաններում զբոսաշրջային հոսքի կրճատումը և ընթացիկ անբավարար ֆինանսական միջոցները։ Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցության՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառմանը՝ զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են այն խոչընդոտները, որոնց հետևանքով ոչ բոլոր տնտեսվարողներն են կարողանում օգտվել միջոցառման շրջանակներում տրամադրվող աջակցությունից։ Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են, որ նախարարությունը խնդրի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում․ վերը նշված միջոցառման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվում, որպեսզի ավելի շատ տնտեսվարողներ հնարավորություն ունենան օգտվելու պետական աջակցությունից։
Հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք այլ ընթացիկ խնդիրներ, քննարկվել բանկերի հետ համագործակցության հարցեր, հստակեցվել համագործակցության մեխանիզմները։
Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ ներկայում քննարկումներ են ընթանում համավարակով պայմանավորված սահմանափակումները մեղմացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի զբոսաշրջիկների այցելություններին, իսկ զբոսաշրջիկների ավելացման պարագայում կակտիվանա նաև տրանսպորտը։
Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ակտիվ քննարկումներ են ընթանում Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ակտիվացման, տրանսպորտային հարցերի կարգավորման ուղղությամբ, ինչը ևս խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար։
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հավաքագրել բոլոր խնդիրները և ներկայացնել նախարարությանը՝ դրանց լուծմանը հետամուտ լինելու համար»,- ասված է հայտարարույան մեջ։