Բոլոր երիտասարդներին հրավիրում են մասնակցել ջահերով ավանդական երթին

Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00, Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացնեն նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային կենտրոնները։

Մասնավորապես, ՀԵՀ-ի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի կունենա մոմավառություն. ժամը 18.00 Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երիտասարդները կշարժվեն մինչև Վարդանանց հրապարակ։

Վանաձորում ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից երիտասարդական խմբերը երթով կշարժվեն դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված Ցեղասպանության զոհերի հուշարձան:

Նույն օրն՝ ժամը 19.00, Իջևանի հրապարակից կմեկնարկի ջահերով երթ։ Երիտասարդներն Իջանի Անկախության փողոցով կշարժվեն դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արմավիրի մարզային կենտրոնը մարզի մի շարք կառույցների հետ համատեղ կիրականացնի ջահերով երթ դեպի Արմավիրի քաղաքային այգում գտնվող 1915թ. Ցեղասպանության զոհերի հուշակոթող։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կոչ է անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել