Քննարկմանը անդրադարձ է կատարվել հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքներին կորոնավիրուսային հիվանդության պայմաններում․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:

Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել հնարավոր հաջորդ ալիքին:

Մասնագետները բարձրացրել են դպրոցների, մանկապարտեզների, այլ ուսումնական հաստատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք հարցեր, նախադպրոցական խմբերին առնչվող փոփոխություններ, ինչպես նաև խոսել են համաճարակային կանոնների պահպանման, վերահսկման առանցքային խնդիրների շուրջ, առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ` միևնույն ժամանակ, առաջնահերթությունը տալով հանրային առողջության պահպանմանը:

Լենա Նանուշյանը կարևորել է կրթության դերն ու նշանակությունը և ընդգծել, որ մի շարք երկրներում նորից վերադարձել են նախկին սահմանափակումներին, վերաբացել կարանտինային հյուրանոցներն ու լրացուցիչ խստացումներ սահմանել:

«Մենք հասկանում և ուզում ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին, սակայն պետք է հաշվի առնել այն բոլոր վտանգները, որ կարող է նոր մուտացիոն ձևերի ալիք առաջացնել, ինչը շատ մտահոգիչ է: Ուստի, պետք է զգուշավորությամբ փորձենք մոտենալ ցանկացած հարցի, թույլ չտալ, որ դեպքերը լինեն անկառավարելի, քանի որ առողջապահական համակարգն ի վիճակի չի լինի տրամադրելու այն ծառայությունները, որոնք անհրաժեշտ են մարդկանց կյանքերը փրկելու համար»,- նշել է Լենա Նանուշյանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկել սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել