Նիկոլ, ինչի՞ չես վերադարձնում Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշենը․ Նաիրա Զոհրաբյան

Հետպատերազմյան ներքաղաքական իրավիճակից ելքերի ճանապարհային քարտեզի ներկայացման նպատակով «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ այսօր պատգամավոր Նաիրա Զոհաբյանն իր ելույթում ասաց․

«Ի՞նչ ունենք մենք այսօր․ ունենք կորսված Արցախ։ Արցախի 73%-ը հանձնվել է թշնամուն։ Ադրբեջանը պատերազմում վերցրել է Արցախի 3763կմ-ը, մնացած մոտավորապես 4000-ը Նիկոլ Փաշինյանը հանձնել է առանց կրակոցի։ Իսկ ի՞նչ ունենք այսօր․ մենք ունենք բացարձակ անիշխանություն, մենք այսօր չունենք պետություն։ Եվ Սյունիքի, Գեղարքունիքի սահմաններին կանգնած գյուղապետերը, գյուղի բնակիչները, կամավորականները իրենք են պահում մեր հայրենիքի սահմանը»։

Նաիրա Զոհրաբյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանն ունի տարածքային ամբողջականության ռեալ վտանգ․

«Քիչ առաջ խոսեցի նաև Խնձորեսկի գյուղապետի հետ, թուրքը գտնվում է Խնձորեսկից ընդամենը 600մ հեռավորության վրա, և այդպես է այլևս Սյունիքի բազմաթիվ գյուղերում։ Մեր հայրենիքի սահմանը ճշտվում է GPS-ով։ Եղել եմ Սոթքում, Վարդենիսից մի քանի կիլոմետր հեռու մեր հայրենիքը վերջանում է, որովհետև ադրբեջանցին իր GPS-ով կանգնած ճշտում էր մեր հայրենիքի սահմանը»,- նշեց նա։

Խոսելով խորհրդային սահմաններին վերադառնալու մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․

«Արցախը հանձնածը ասում է՝ պիտի վերադառնանք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Արցախի սահմաններին։ Ես մասնագետ չեմ, խոսել եմ ԳԱԱ-ի մասնագետների հետ, ովքեր ասում են՝ սուտ է, սուտ է և երիցս սուտ է, որովհետև Խորհրդային միության փլուզումից հետո էդպես էլ վերջնականապես ճշգրտված չէին սահմանները, և խորհրդային տարիներին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի մի քանի քարտեզներ են եղել։ Բայց եթե անգամ ընդունենք, որ վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն հարցնում եմ՝ Նիկոլ, ինչի չես վերադարձնում Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Արծվաշենը, որը եղել է Խորհրդային Հայաստանի կազմում»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել