ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ կարճ. ինչպես միշտ, նա սուտ է խոսում։
Ավելի մանրամասն կանդրադառնանք գալիք շաբաթվա ընթացքում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին գրառման մեջ նշվում է․ «Բնականաբար՝ խիստ իմաստավորված է ետ գնալ եւ պատասխանել հարցին՝ ինչը պիտի այլ կերպ լիներ, որ այսպես չլիներ:
Ուրեմն՝ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով եւ հրապարակային արձանագրել է, որ 2011 թվականին Կազանում Հայաստանը պատրաստ է եղել հանձնել 7 շրջանները՝ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի հարցով հետագա հանրաքվեի դիմաց, բայց Ադրբեջանը չի համաձայնվել եւ նորանոր պահանջներ է առաջ քաշել:
Սա ապացուցող տեսանյութը կա, առկա է համացանցում: Այսինքն՝ դեռ 2011 թվականին Հայաստանը ստանձնել է 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն եւ պատրաստ է եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:
Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, օրինակ որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը, ի դեպ, այս նոր պահանջներում չկա, որովհետեւ այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին: Այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:
Ուրեմն՝ այս իրավիճակը մենք ունենք 2011 թվականից, ընդ որում սկսած 2013 թվականից Ադրբեջանը գնում է ռազմական սրացումների: 2013-2015 թվականներին դիվերսիոն գործողությունների տրամաբանություն ունեցող էսկալացիան հասավ գագաթնակետին, իսկ 2016-ի ապրիլին տեղի է ունեցավ քառօրյա պատերազմը:
Ադրբեջանը ձեւակերպեց իր վերը հիշատակված պահանջները, ընդ որում՝ անկախ նրանից, բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է դրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից: Ադրբեջանի պահանջները եւ դրանց կատարումը ՄԽ համանախագահների կողմից հընթացս դարձան առաջնահերթության նման մի բան, որովհետեւ այլընտրանքը պատերազմն էր:
2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով, ես բնականաբար սա արձանագրել եմ: Եւ այս իրավիճակում եկեք հասկանանք՝ տեղի ունեցածի այլընտրանքը ո՞րն էր:
Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմը կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը պատերազմ սկսեց:
Եթե ասեի՝ չէ որ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ-դավաճան» ու էլի պատերազմ պիտի սկսվեր:
Որեւէ փուլում՝ այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր:
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում, ընդ որում, առանց երաշխիքի, որ Ադրբեջանը նոր պահանջներ առաջ չի քաշելու: Եւ էս նոր պահանջների կոնտեքստում, կրկին պատերազմի հավանականության մեծացում:
Հիմա շատ են ասում, թե բարեկամների հետ պետք էր ավելի սերտ աշխատել: Իսկ ո՞վ է ասել, որ բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական են ունեցել:
Հիմա գոնե ակնհայտ է չէ՞, որ այդ տեսլականը լիովին համընկնում է վերը նկարագրվածին:
Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի:
Շուտ կագնեցնեիր պատերազմը. պատերազմը շուտ կանգնեցնելու գինը նույնն էր. 7 շրջանների հանձնում: Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու:
Հիմա լավ, բա ի՞նչ պետք է անենք: Պետք է ատամ-ատամի դրած կայունացնենք իրավիճակը ու ավելի չվատացնենք: Հիմա ամենակարեւոր խնդիրը գերիների, անհետ կորածների եւ հնարավոր պատսպարվածների հարցն է, որը պետք է շատ արագ լուծվի:
Բայց եկեք այս հարցին նայենք հակառակ կողմի աչքերով: Նա տեսնում է, որ այս հարցի ձգձգումը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի ներսում հակադրությունը խորանա, նույնիսկ ներսում բախումներ սկսվեն, որի մինի դրսեւորումները արդեն եղել են:
Մեր զինվորների հարազատներ, սիրելինե՛ր, այս պայմաններում նրանք կարագացնե՞ն գերիների, անհետ կորածների հարցի լուծումը: Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ կերկարաձգեն, ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի:
Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու:
Ով ինչում է մեղավոր եւ ինչ պատասխանատվություն պետք է կրի, անպայման կպարզվի, կյանքի կկոչվի: Բայց հիմա պետք է կենտրոնանալ հարցի լուծման համար միասին, ոչ թե իրար դեմ պայքարելու վրա: Սրանում համոզված եմ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրորդ գրառման մեջ նշվում է․ «Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի,
Բակո Սահակյանի, նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նա ասաց, որ կարծում է դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով եւ Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց եւ պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին եւ ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին եւ տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են եւ այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաեւ Հանրապետության նախագահը եւ Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որեւէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որեւէ հայտարարություն անել չէի կարող, որովհետեւ եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչեւ առավոտ կքննարկի Ալիեւի հետ եւ ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որեւէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաեւ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարեւոր չէր, որովհետեւ, ես էի կայացրել որոշումը եւ պատրաստվում էի այն տանել մինչեւ վերջ:
Հաջորդ օրը ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն զանգեց: Ասաց, որ Ալիեւը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ քանի որ Հադրութն ու Թալիշը իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ եւ նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:
Նաեւ՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետեւ ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու՞ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է եւ ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը:
Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի:
Այսպես՝ պայմանավորվածությունը չկայացավ: Այդ ժամանակ կորսված էին Ջեբրաիլը, Հադրութը եւ հարակից մի քանի գյուղեր, Ֆիզուլին, Թալիշը: Մինչ այդ երկու անգամ մարդասիրական հրադադար էր հայտարարվել՝ մեկը հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ, մյուսը՝ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ: Երկու միջնորդությունն էլ ձախողվել էր»։